ԿարևորՀասարակություն

Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ և նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ, հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։

«Հակառակորդին՝ չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել Հյուսիսային ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ դեռ երեկ նշված ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման կոնտեքստում։

«Հրադադարի մասին ադրբեջանական կողմի պատկերացումներն այլ են, դրանք հանգում են Արցախի հայությանը բնաջնջելու «թույլտվության»։ Դա այդպես լինել չի կարող։ ԱՀ ՊԲ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։

Ըստ Հովհաննիսյանի՝ թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է։ Այժմ շարունակում են դանդաղ օջախային սողացող բնույթի գործողությունները։

«Հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով»,- ասել է Հովհաննիսյանը։

«Այո՛, կռիվը երկար է, կռիվը կայծակնային չէ, մենք օրերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց հաղթելու ենք»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button