ԿարևորՄիջազգային

Սփյուռքահայ երիտասարդները հայկական բողոքի «առաջնագծում»

Հացադուլ են սկսել ԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամները` բողոքելով Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող գործողությունների ոչ համարժեք արձագանքման դեմ։

ԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամ Արամ Մանուկյանը ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակած տեսանյութում կոչ է արել հայրենակիցներին միանալ իրենց պայքարին և անպայման նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ամերիկահայ երիտասարդների հացադուլը մեկնարկեց աղոթքով։

Մինչ հացադուլը հայ համայնքը քայլերթով անցել է ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսարանի առջեւից։ Հացադուլավոր երիտասարդները վստահեցնում են, որ պայքարելու են այնքան, մինչև հասնեն Արցախի ճանաչմանը և Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ 

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում էլ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների դիմաց՝ կոչ անելով դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ընկերության հետ, որը մեծ գումաների դիմաց կոծկում է Բաքվի՝ Արցախում սանձազերծած պատերազմն ու ռազմական հանցագործությունները, տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջից։ Ցուցարարները պաստառներով և վանկարկումներով պահանջել են «մասնակից չլինել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին» և կոչ արել մարդկանց բոյկոտել այդ ընկերությունները։

Իսկ արդեն Հարավային Ամերիկայում` Բրազիլիայի Սան Պաուլոյի հայ համայնքի երիտասարդները կազմակերպել են բողոքի ավտոերթ՝ հանուն խաղաղության և Արցախի ճանաչման: Մասնակիցները հավաքվել են քաղաքի մարզադաշտի հրապարակում, այնուհետև շուրջ 400 մեքենաներով, որոնց վրա ամրացված էին Հայաստանի և Արցախի դրոշները, անցել են Սան Պաուլոյի գլխավոր պողոտաներով: Մեքենաներն ուղեկցել են երկու բեռնատարներ, որոնք բարձրախոսերով փոխանցում էին Արցախում տիրող պատերազմի իրական պատկերը եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին տեղեկություններ:

Ավտոերթի ընթացքում մասնակիցները նաև Բրազիլիայի կառավարությունից պահանջել են  դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիան ու ճանաչել Արցախի անկախությունը: Միջոցառումը եզրափակվել է մարզադաշտի մոտ, որտեղ երիտասարդները «Հայեր միացեք» երգի ներքո կատարել են ազգային պարեր: Բողոքի ցույցը եզրափակել է Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: «Հայր մեր»-ից հետո նա աղոթք է բարձրացրել առ Աստված՝ խնդրելով պահպանել Հայոց բանակի զինվորներին։

Բողոքի երիտասարդ ձայն լսվում էր նաև Վրաստանում։ Տեղի հայկական ուսանողական և երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում Իսրայելի դեսպանության դիմաց: Հայ երիտասարդները պաստառներով, կոչերով ու ելույթներով դատապարտել են Իսրայելի կառավորության՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլերը: «Մի ժողովուրդ, որը ցեղասպանություն է վերապրել, չի կարող թույլ տալ մի նոր ցեղասպանություն», «Մի՛ աջակցեք ցեղասպանությանը»,- դեսպանատան դիմաց վանկարկել են միության անդամները:

Հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը հերթական գրառումն էր կատարել սոցալական ցանցում՝ փորձելով իր բազմահազարանոց հետևորդների ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի դեմ վարվող ցեղասպանական արշավին և կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել ագրեսորին:

«Արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը հարձակման է ենթարկվում, և ամբողջ ազգը պայքարում է ողջ մնալու իրավունքի և մեր հողի մի մասը պաշտպանելու համար: Սա պարզապես պատերազմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի 10 անգամ ավելի մեծ բանակի դեմ: Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է Էրդողանի և նրա մարիոնետ Ալիևի կողմից, որոնք մեր դեմ են ուղարկում Սիրիայում և այլ երկրներում վարձած ահաբեկիչներին»,- գրել է հանրահայտ նկարիչը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձյալ ռմբակոծվում է՝ չնայած Վաշինգտոնում կնքված երրորդ հրադադարին: Արթնացեք, կանգնեցրեք ագրեսորին»,- եզրափակել է իր գրառումը Ձիթողցյանը։

Հունաստանում ՀՀ դեսպանատունն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերեսի քաղաքային խորհրդի բանաձևի տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է․ թուրքադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են և Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչությունները դատապարտում են թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Քաղաքային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները։ Որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշել է․

  • Լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով
  • Բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքի Ազատության հրապարակում` Հունաստանի դրոշի կողքին
Back to top button