ԿարևորՀասարակություն

Պատերազմում Ադրբեջանը փորձում է սպանել նաև ճշմարտությունը

Պատերազմի մասին լուրը պատերազմից առաջ էր ընկել։ Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը Արցախի ԱԱԾ անունից կեղծ փաստաթուղթ էր տարածել, որում իբրև ՊՆ-ն նախազգուշացրել էր Արցախի բնակչությանը պատրաստ լինել արտակարգ տարհանմանը։

«Հրամանատար ջան, ինչպես ընդունեցիք Ձեր Թալիշում զոհվելու լուրը»։

«Հեգնանքով, ինչպե՞ս պիտի ընդունեի, Սրբազան ջան»։

Այսպես է լինում, երբ ցանկությունն իրականության տեղ են ընդունում և տարածում հայկական բանակի փոխգնդապետի և Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի մահվան լուրը։ Լեռնիկ Բաբայանն ու Արշավիր Ղարամյանը անձամբ են հերքում իրենց իսկ մահվան լուրը։

«Եվ հատկապես չդիմացանք անելու այս քայլը ուղիղ եթերի, որովհետև մեզ անընդհատ գրում էին, խոսում էին, տեղեկացնում էին, տեսանյութն են ուղարկել թուրքական հեռուստաընկերության պատրաստած՝ մեր սիրելի հրամանատարի այսպես կոչված զոհվելու մասին»,-նշում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Իսկ ինչ է լինում, երբ ռմբակոծում ես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և պետք է դա որևէ կերպ բացատրես։ Ալիևի խոսքով՝ սխալմունք էր, չի բացառվում նաև, որ հայերն իրենք են իրենց եկեղեցին ռմբակոծել Ադրբեջանին մեղադրելու համար։

Լուսանկարը՝ APA

Թեև թշնամին հաճախ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, բայց երբեմն նույնիսկ բազմաֆունկցիոնալ Իբրահիմի հարևանությամբ կարող է ճշմարտություն լինել, մասնավորապես, հայտնի տեսանյութում, որտեղ հայազգի Ազնիվը բարեկամաբար զրուցում է ադրբեջանցի զինվորների հետ։ Իրականում հայ գերի է, անունն էլ՝ Ազնիվ Բաղդասարյան։

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ահազանգել է Բաքվում ահաբեկչական գործողությունների հավանականության մասին։ Դեսպանությունը զգուշության և զգոնության կոչ է արել իր քաղաքացիներին։ Haqqin.az-ն էլ չվարանեց լուրն օգտագործել ու հայերին «շառով տալ», իբրև թե հայերն են Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ ծրագրում։

Լուրերի հայտարարվելն ու հերքվելը վաղուց ոչ մեկի չի զարմացնում, իսկ այս օրինակները փաստում են՝ պատերազմի ժամանակ սուտը զենք է, որ երբեմն ավելի արդյունավետ է կրակում, քան` ճշմարտությունը։ Ու պատահական չէ, երբ ասում են` հետևեք պաշտոնական լրատվությանը։

Back to top button