ԿարևորՀասարակություն

Երբ անվտանգության տեսախցիկը դառնում է ադրբեջանցու «աչք»

Մի քանի դեպք է գրանցվել, երբ Հայաստանում գործող անվտանգության տեսախցիկներին կարողացել են միանալ ադրբեջանցի հաքերները։ Որոշ նյութեր անգամ հայտնվել են Youtube-ում։ Խնդրի մասին այսօր տեղեկատվություն է տարածել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Այդ տեսախցիկներով ինչ է տեսել թշնամին և ինչպես կարող է օգտագործել այդ տեսագրությունները։ «Ռադիոլուր»–ը փորձել է պարզել՝ արդյո՞ք անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր կան։

«Ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով»․ այս զգուշացումը այսօր տարածել է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Խուճապի հիմքեր չկան, բայց անհրաժեշտ է հետևություններ անել, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասաց գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։   

«Իրականում դեպքերի մանրամասները չեն ներկայացնի` դրանց ավելի հրապարակայնություն չտալու նպատակով,  բայց խոսքը մասնավոր սեկտորում տնտեսվարողներին պատկանող տեսախցիկների հասանելիության մասին է։ Հրապարակման առիթը 2 օր առաջ մեր մոնիթորինգի հանդիպած երկու տարբեր դեպքերն են։ Այդպիսի բան եղել է նաև մի քանի շաբաթ առաջ, երբ կարողացել են մարդու բնակարանի տեսախցիկին հասանելիություն ունենալ։ Այստեղ խոսքը համացանցից ելք ունեցող տեսախցիկների մասին է, որովհետև միայն այդ պայմանում էր հնարավոր այսպիսի կիբերհարձակումը»։

Համացանցին միացված անվտանգության տեսախցիկների դեպքում պետք է կիրառվեն նույն այն կանոնները, որոնք գործում են սոցիալական տարբեր ցանցերում անձնական տվյալների պաշտպանության դեպքում։ Դա ապահով գաղտնաբառի ընտրությունն է, շատ այլ տեղերում այդ գաղտնաբառը չօգտագործելու պայմանը, երկփուլանի վավերացման ֆունկցիայի օգտագործումը, անհայտ ծագման հավելվածներ չօգտագործելը, որևէ այլ անձի անձնական տվյալների չփոխանցելը և այլն։ «Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով»,– զգուշացնում են գործակալությունից, նաև հավելում․«Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել գործակալությանը եւ իրավապահ մարմիններին»:

Անձնական տվյալների պաշտպանության կանոնները պատերազմական իրավիճակում նույնն են, ինչ սովորական օրերին,այս դեպքում պարզապես պետք է գիտակցել սխալի իրական արժեքը։ Տեսախցիկների միջոցով, ասենք՝ տնտեսվարողների մոտ կամ քաղաքացիների բնականաններում ինչ օգտակար բան կարող է տեսնել թշնամին՝ բացատրում է Գևորգ Հայրապետյանը․  

«Սովորաբար նման կրիտիկական իրավիճակում՝ պատերազմական, ռազմական դրություններում հակառակորդը օգտագործում է անձնական տվյալները ոչ այնքան կոնկրետ հենց այդ մարդուն վնասելու համար, չնայած՝ տեսականորեն դա էլ չի բացառվում, այլ մարդու անձնական տվյալները ձեռք է բերում, որպեսզի երկրորդ փուլում արդեն դրանք օգտագործի որպես գործիք, որպես զենք ապատեղեկատվություն, խուճապ տարածելու համար»։

Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնագետները բազմիցս հորդորել են և դեռ հորդորում են քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել իրենց հրապարակումներում և տարածվող նյութերի հանդեպ։  Առավել արդիական է առաջնագծում գտնվողներին սմարթֆոններ չփոխանցելն ու տեսագրություններ չտարածելը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը օրինակներով են խոսում․

Սամվել Մարտիրոսյան . «Հետախուզության համար հետաքրքիր բաներ կարող են լինել։ Մարդիկ, օրինակ՝ ոգևորված հրապարակում են տեխնիկայի շարժը, մյուսը դա Արցախից դեպի Հայաստան շարժվող քաղաքացիականների տվյալներն են ՖԲ–ում շատ մեծ քանակի՝ այստեղ զանգեք, այստեղից այսքան մարդ է գնում այս ժամից, այս փողոցից և այլն։ Դա թույլ է տալիս բավականին վերահսկել իրավիճակը թշնամու հետախուզության կողմից։ Եվ երրորդը՝ զինծառայողների հեռախոսահամարներ կամ իրենց բարեկամների՝ հիմա այդպիսի շատ նկարներ են հրապարակվում, որ լուրեր չունեն և այլն և դա էլ, բնականաբար, ստեղծում է ինչ որ հնարավորություններ հակառակորդի համար»։

Շուշան Դոյդոյան . «Պատերազմական, ճգնաժամային իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի և ազգային անվտանգության հարցի, որովհետև կարող է մի հասարակ տվյալի անզգուշաբար կամ դիտավորյալ փոխանցումը հանգեցնել և սպառնալիք դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար և անդրադառնալ կյանքի իրավունքի վրա»։

Ըստ մասնագետների՝ ժամանակից տեխնոլոգիաները պետք է գրագետ և ճիշտ կիրառել, որպեսզի դրանք զենք չդառնան թշնամու ձեռքին։

Back to top button