ԿարևորՀասարակություն

ԱԱԾ- ն բացահայտել է դավաճանության և լրտեսության դեպքեր

Պետական դավաճանության և լրտեսության դեպքեր ունենք, Քննչական կոմիտեում այսօր հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր վրա դրված պարտականությունները, այդ թվում` նաև արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է ավելի քան 1500 ահազանգ։ Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն։

Պատերազմական գործողությունների սկսվելու օրվանից մինչև օրս պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների վերաբերյալ մի շարք դեպքեր են բացահայտվել։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանի տեղեկացմամբ՝ արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքների` մասնավորապես տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները:

Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալները:

ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում: Մասնավորապես, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն և ռազմական ոստիկանության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհային որոշ հատվածներում տեղադրվել են 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբերի բացահայտումը ՀՀ-ում:

Այդ շրջանակում արձանագրվել է զենք- զինամթերքի Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր, որի ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվել են համապատասխան աշխատանքներ։ ԱԱԾ փոխտնօրենը հայտնեց նաեւ, որ պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տեղեկատվական անվտանգության ուղղությամբ աննախադեպ աճել  է պետական համակարգի վրա հարձակումների քանակը:

«Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս գրանցվել է կիբերհարձակման շուրջ 692 հազար դեպք: Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումների վերաբերյալ սոցցանցերում խուճապային տեղեկություններ տարածելու և մարտական գործողություների վերաբերող լուսանկարներ  և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված կանխարգելիչ  գործողություների շրջանում գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և իրականացնում են համապատասխան աշխատանքներ»:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես ծրագրված, կազմակերպված և իրականացված բոլոր հանցավոր գործողությունների մասին են վկայում նաև ՀՀ քննչական կոմիտեում հարցուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները։  Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նկատեց, որ այս պատերազմը դեռ հուլիսին մեկնարկած ռազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է։

Մինչև սեպտեմբերի 27-ը և դրանից հետո, շարունակաբար Ադրբեջանի զինված ուժերը համալրվել են Իսրայելից, Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով։ Որպես փաստ ներկայացվեց ադրբեջանցի ռազմագերու հարցաքննությունից հատված, որտեղ ադրբեջանցի զինծառայողը մանրամասն ներկայացնում է թշնամու գործողությունները։

Ադրբեջանում այսօր պահվում է 17 հայ ռազմագերի, հայտնեց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում` հայ ռազմագերիների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն։  Քննչական Կոմիտեի քրեագիտական վարչության պետը հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

Back to top button