ԿարևորՀասարակություն

Քրեական խստացումներ՝ ցուցադրական դատավարությունների համար․ Աժ արտահերթ

Այսօր երեկոյան՝ 18.30–ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Աժ արտահերթ նիստի օրակարգային բոլոր հարցերն առնչվում էին պատերազմական վիճակում այս կամ այն գործունեության կարգավորմանը։ Աշխարհազորի ստեղծումից՝ մինչև միջազգային կոնվենցիայի վավերացում, որը հիմք է ստեղծում վարձկանների հավաքագրման և օգտագործման հարցով համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Զինված ուժերի կողքին այսուհետ օրինական ձևաչափով գործելու է նաև աշխարհազորը։ Ամիսներ շարունակ քննարկվել է նման ձևաչափի ստեղծման հավանականությունը, բայց համաձայնությունը խորհրդարանի կողմից ստացվեց արտահերթ նիստով՝ պատերազմական պայմաններում, միաձայն քվեարկությամբ։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայը հստակեցնում է․աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով։

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։ Աշխարհազորայինի հետ կնքվում է պայմանագիր, նրան ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ։ Բացառապես կամավորության սկզբունքի հիմա վրա է։ Աշխարհազորում կարող են ընդգրկվել պահեստազորում հաշվառված, սակայն, կցագրում չունեցող քաղաքացիները»։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը այս օղակը բավարար չհամարեց՝ պաշտպանության փոխնախարարին առաջարկելով զորակոչի ենթակա համարել բոլոր քաղաքացիներին անխտիր։

Հովիկ Աղազարյան«Միգուցե ավելի նպատակահարմար է համապատասխան օրենքներում փոփոխություններ անենք և բոլոր մեր քաղաքացիներին, որոնք իրենց աշխատանքի և պաշտոնի բերումով ազատված են զորակոչվելու պարտականությունից, այդ օրենքը վերացնենք և բոլորը պարտավոր լինեն, պատրաստ լինեն զորակոչվելու»։

Գաբրիել Բալայան «Թույլ տվեք չհամաձայնել այդ սկզբունքին։ Ունենք առաջին հերթին որոշակի մասնագիտությունների և պաշտոնների ցանկ, որոնք ամրագրվում են, որպեսզի տնտեսությունը կարողանա շարունակ գործել  համապատասխան կառույցները պետք է աշխատեն։ Շատ չեն այդ խմբերը, որ զորակոչի ընթացքում հնարավոր չէ զորակոչել ։ Առաջինը նրան են, որ համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 4 երեխա և ավելի ունեցողներն են հիմնականում և ամրագրման ենթակա պաշտոնների և մասնագիտությունների ցանկում առկա պաշտոնատար անձինք են։ Ուզում եմ շեշտել, որ խոսքը անձանց մասին չէ, խոսքը մասնագիտությունների և պաշտոնների մասին է»։

Աշխարհազորայիններին որպես լրացուցիչ օգնություն դիտարկելուն զուգահեռ, պետությունը մեկ այլ նախագծով թույլտվություն ստացավ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Գույքի վնասման կամ վերացման դեպքում օրենսդրորեն ամրագրվել է նաև փոխհատուցման կարգը։

Կրկին ռազմական դրության պայմաններից ելնելով որոշակի խստացումներ են մտցվում «Քրեական օրենսգրքում»՝ որոշ դեպքերում ցուցադրական պատիժներ իրականացնելու համար, հաստատեց պաշտպանության փոխնախարարը։

«Այո, ունենք արդեն համապատասխան իրավախախտումներ իրականացված, այսինքն՝ օրենքով արգելված այդ արարքը կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջդրված և այս պահի դրությամբ այո, գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան նման արարքները կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց որոշակի իրադրության պարագայում»։

Խորհրդարանն այսօր վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան, որը իրավական հիմք է ստեղծում Ադրբեջանին և Թուրքիային դատարաններ տանելու համար։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի վստահությունը այս դեպքում կիսում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

Քրիստինե Գրիգորյան«Կոնվենցիային միանալով 5–րդ հոդվածի 2–րդ կետը կարող է օգտագործվել 1997 թվականից դեռևս այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ, սեպտեմբերի 27–ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ–մարտիկների որպես վարձկաններ օգտագործման առնչությամբ։ Կոնվենցիայի 4–րդ հոդվածի 2–րդ կետը կարող է օգտագործվել Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն Կոնվենցիայի իմաստով հանդիսանում է որպես հանցակից կողմ, որը պատասխանատվություն ունի ԱՀ դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ–մարտիկներին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու և Ադրբեջան ուղարկելու համար»։

Տարոն Սիմոնյան «Սա այն կարևոր Կոնվենցիաներից մեկն է, որը մեզ իրավական լծակ է տալիս մեր հակառակորդների դեմ իրավական գործընթացներ սկսել միջազգային ատյաններում։ Այդպիսի կոնվենցիաներ մի քանիսն են և այդպիսի Կոնվենցիաները քիչ են այն առումով, որ հնարավորություն են տալիս կոնվենցիան պայմանավորվող կողմերին մեկը մյուսի դեմ դատական հայց ներկայացնել արդարադատության Միջազգային դատարանում»։  

Այս Կոնվենցիան ուժի մեջ է 36 պետությունների համար։ Կոնվենցիայի 5–րդ հոդվածի համաձայն պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկաններին միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button