ԿարևորՔաղաքական

Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի։ Ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:

Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:

Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի:

Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button