ԿարևորՀասարակություն

Վարպետ Վոլոդյան պատրաստ է երրորդ անգամ վերակառուցել Ղազանչեցոցը

Արցախյան երկրորդ պատերազմում թշնամին երկու անգամ ռմբակոծեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ` Ղազանչեցոց եկեղեցին։ Մինչ այս եկեղեցին երկու անգամ վերակառուցել էր ճարտարագետ Վոլոդյա Բաբայանը:

Լիովին հնարավոր է վերականգնել. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցի մասին  խոսելիս վստահ ձայնով, բայց  հոգևոր կառույցի ռմբակոծման լուրից սրտնեղած «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է եկեղեցին երկու անգամ վերակառուցած  վարպետ–ճարտարագետ Վոլոդյա Բաբայանը։

«Պատրաստ եք նորից վերակառուցել եկեղեցին։ Այո, անպայման։  Եթե ֆիզիկապես պատրաստ չենք, ապա մտովի ուղղություններով կարող եմ աջակցել»։

Վարպետ Վոլոդյան սպասում է, ինչպես ինքն է ասում, այս հարցերը կարգավորվեն, գնա տեսնի ինչ վիճակ է։ Հիշում է, որ երբ սկսել էր վանքի  առաջին վերակառուցման աշխատանքները, այն ավելի վատ վիճակում էր։

«100 մեքենա հող ենք հանել։ Դա եզակի կառույցներից է, որ եռախորան է։ Եկեղեցին մաքրել ենք, հետո նոր սկսել ենք կառուցումը»։

Երբ  1981 թվականին խորհրդային ղեկավարությունը որոշել էր միութենական բոլոր հանրապետություններում իրականացնել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներ, և հայ ճարտարապետներին հաջողվել էր այդ շարքում ընդգրկել նաև Շուշիի Ղազանչեցոցը,  Ճարտարագետ-շինարար Վոլոդյա Բաբայանը Երևանից մի քանի արհեստավորների հետ մեկնեց Արցախ՝ իր հետ վերցնելով եկեղեցուն վերաբերող գրքերն ու աշխատությունները, հատուկ ուշադրություն դարձնելով եկեղեցու նկարներին։ Վերականգնելիս ամեն մանրուք պետք է հաշվի առնեինք ասում է ու հիշում  եկեղեցու հետ առաջին հանդիպումը։

«Մի ամպամած օր էր, թույլ անձրև էր գալիս։ Եկեղեցու վրայից ջրի կաթիլներն արտասուքի նման  թափվում էին պատերն ի վար։ Ինձ վրա մնաց այն տպավորությունը, որ եկեղեցին արտասվում է։ Շատ դառը զգացում ապրեցի և կարծեցի, որ ես եմ մեղավոր, որ այդ եկեղեցին այդ վիճակում  է։  Ես եմ գրել։ Առաջին անգամ, որ Ղազանչեցոց եկեղեցին տեսել եմ, սա  իմ տպավորություններն են»։ 

Անհրաժեշտ շինանյութերը դժվարությամբ հայթայթեցին, սակայն Երևանից իր հետ Շուշի մեկնած արհեստավորները,  չկարողացան գործը գլուխ բերել։ Արհեստավորների խումբը հավաքվեց Ստեփանակերտից, Շուշիից ու կողքի գյուղերից։ Հմուտ վարպետների օգնությամբ սկսվեցին  Ղազանչեցոցի վերակառուցման աշխատանքները։ Դրանք տևեցին մոտ 10 տարի` մինչև արցախյան առաջին պատերազմի տարիները։ Պատերազմի ժամանակ թշնամին կրկին վնասեց եկեղեցին։ Մինչ այդ կատարած աշխատանքների 60 տոկոսը նորից վնասեցին թուրք- ասկյարները։ Սակայն թևաթափ չեղավ վարպետ Վոլոդյան։ Պատերազմի ավարտից հետո միանգամից ընկերների հետ լծվեց տաճարի  երկրորդ վերակառուցման աշխատանքներին։

 «1998 թվի հուլիսի 19–ին բացումը եղել է։ Եվ այդպես հիմա հարկադրված են եկեղեցին նորից վերակառուցել»։  

Այժմ այս բոլոր հիշողությունները թաքցրել է փոքրիկ արկղիկի մեջ ու ամեն հյուր եկողին եկեղեցու մասին տեղեկություններ ու վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ պատմելուն զուգահեռ, արկղիկից հանում է իր պատմություններին վկայությունները։  

Վարպետ Վոլոդյան Արցախի բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների վերականգմանն է մասնակցել` Ամարասը, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի Մայր Աստվածածին, Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ և Խնածախի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Բայց Շուշիի Ամենփրկչի մասին  խոսելիս` գլուխը տարուբերում է ու ասում` այն կատարյալ  է։

Back to top button