ԿարևորՀասարակություն

Ինչքան էլ ռմբակոծեն՝ վերադառնալու ենք․ Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից

Սոցիալական Ձեռներեցների դպրոցը շարունակում է ռազմական դրության պայմաններում իր գործունեությունը՝ կազմակերպելով ձեռնարկատիրական անվճար առցանց դասընթացների շարք արցախցիների համար։ Արցախյան խոտաբույսերի բրենդավորում, մշակութային սմարթ կենտրոնի բացում, սիրահարների նոր այգի  կամ այնտեղ, որտեղ աճում են վայրի վարդերը. ահա այն գաղափարներից մի քանիսը, որոնց Արցախցի հեղինակները դիմել են դասընթացին մասնակցելու համար։ Օգոստոսին մեղրաքամն արդեն արել էին ու պատրաստվում էին նոր արտադրանքը ներկայացնել Արցախցի սպառողներին, բայց պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը։ Արցախցի Ռոզա Սերոբյանն ասում է, որ եթե ռազմաճակատում կռվող հոր ու եղբոր անհանգստությունը չլիներ՝ իր տունը երբեք չէր լքի։ Ռոզայի խոսքերով վաղվա օրը մեր ձեռքերում է, բայց գործել է պետք այսօր․

«Զբաղվում էի մեղվաբուծությամբ և նորարարական գաղափարներ ունեի։ Շրթներկի սրվակի մեջ մեղր պետք է լիներ, որը ծանր աշխատանքային օրվա վերջում կօգներ աշխատող կնոջը։ Իրավիճակն է թելադրում բիզնեսի ուղղությունը, այդ պատճառով նույնը մտածեցի նաև զինվորների համար, այլ կերպ ասած՝ գրպանի մեղր, այն էլ Արցախի մաքրամաքուր բազմածաղկային մեղրը, զինվորներին ուժ կհաղորդեր»։

Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, տնօրեն Գոհար Մկոյանի խոսքերով՝ հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ միջոցներից մեկը սոցիալական ձեռնարկատիրությունն է լինելու, այդ պատճառով որոշեց հենց հիմա մեկնարկել դասընթացների շարքն արցախցիների համար, որպեսզի արցախցիների ներուժը ճիշտ և համակարգված ուղղորդում ստանա՝ հետագայում գաղափարները գեներացնելու և սեփական համայնքը շենացնելու համար․

«Ես գտնում եմ, որ այս պահին արցախցիների հետաքրքիր գաղափարների գեներացումը կօգնի իրենց ձեռքի շնորհքը վաճառել և իրենց առաջնային կարիքները հոգալ։ Նաև դեռահասների համար ենք ծրագիր մշակել, մեր մասնագետները կարող են տիկնիկագործություն, մաքրամե և շատ այլ դասընթացներ ուսուցանել  թե՛ առցանց, թե՛ առերես հանդիպումների միջոցով»։

Մենք հաղթելու ենք, որովհետև հոգատար ենք և ստեղծարար․ սա Գոհարի բանաձևն է, որը նա հստակ ընգծում է ու սկսում պատմել, թե ինչպիսին է լինելու ապագայի Արցախը․ «Արցախը վստահաբար մի քանի անգամ ավելի զարգացած է լինելու, քան հիմա է»։

Թշնամու թելադրած օրակարգը հզոր Արցախի հզոր տերերին չի վհատեցնում, ընդհակառակը․ «Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ռմբակոծում են մեր տները և ուզում են, որ հայ ազգը վերանա, մենք վերադառնալու ենք մեր տներն ու ավելի լավ աշխատենք ու շենացնենք». Ռոզա Սերոբյան:

Back to top button