ԿարևորՄիջազգային

Էյֆելյան աշտարակից մինչև Վաշինգտոնի կամուրջ հնչում է հայերի պահանջը

Հայկական բողոքի ձայնը աշխարհը լսում է արդեն շուրջ մեկ ամիս։ Հայերը շարունակում են աշխարհից պահանջել արդարություն ու դատապարտում․ օր առաջ պետք է կանգնեցնել Թուրքիային ու Ադրբեջանին, Էրդողանին ու Ալիևին, ցեղասպանությունն ու ահաբեկչությունը։

Բաթումից մինչև Նյու Յորք․․․ Հայաստանին ու Արցախին ամենամոտ ձայնը այս անգամ լսեցինք Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքից, որտեղից էլ հայկական համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,- ասել է ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Բողոքի ձայնի հետքով շարժվենք դեպի հարավ-արևմուտք։ «Կանգնեցրե՛ք Էրդողանի ահաբեկչական ռեժիմը»՝ այսպիսի ցուցանակներով Սիրիայի հայ բնակիչները դուրս էին եկել Հալեպի փողոցները՝ Արցախին աջակցելու համար: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ  ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։ Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։ Ակցիայի ավարտին էլ հնչել են հայրենասիրական երգերի կենդանի կատարումներ։

Սիրիայից դեպի արևմուտք էլ կիպրահայ համայնքը ավտոերթով է իր բողոքը հայտնել աշխարհին։ Ավտոերթը սկիզբ է առել Պաֆոս քաղաքից: Համայնքի անդամները քաղաքի կենտրոնական փողոցներում շրջելուց հետո՝ շարժվել են դեպի Լիմասոլ, այնուհետև ուղևորվել դեպի մայրաքաղաք Նիկոսիա: Նիկոսիայում ավտոերթի մասնակիցներին են միացել Լառնակայի հայ համայնքի ներկայացուցիչները:

●Հայկական եռագույնը Ֆրանսիական Սենայի վրա

Միավորվելով ավելի քան 350 մեքենաներով կիպրահայ համայնքի ներկայացուցիչները անցել են ԵԱՀԿ Մինսկի 3 համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի դեսպանատների մոտով՝ պահանջելով վերջ դնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Այնուհետև ավտոերթի մասնակիցներն անցել են Իսրայելի դեսպանատան մոտով՝ դատապարտելով Ադրբեջանին զենքի վաճառքի Իսրայելի կառավարության քայլերը: Ավտոերթը եզրափակվել է Նիկոսիայի Արմենիա պողոտայում՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակողոթի մոտ:

Միջերկրական ծովի մյուս ափին էլ հունահայ համայնքի երիտասարդներն են իրենց աջակցությունը հայտնել հայոց բանակի զինվորներին, որոնք շուրջ մեկ ամիս է՝ Արցախում համառ պայքար են մղում թուրք-ադրբեջանական ելուզակների դեմ: Նրանք հավաքվել են հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում և միջազգային հանրությունից պահանջել դատապարտել Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Օվկիանոսից այն կողմ հայկական բողոքը եւս չի լռում։ Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են անցկացրել։ Այն մեկնարկել է աղոթքով և Հայաստանի  Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ։  Հայկական դրոշներով և տարբեր գրառումներով պաստառներով՝ տեղի հայությունը անցել է Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով։ Արդարության երթը հայերը սկսել են «հայերը խաղաղության համար» կոչով։ Ցույցի կազմակերպիչներից Արամ Բալյանը իր ելույթում նշել է, որ Սփյուռքն էլ յուրահատուկ բանակ է, որը կանգնած է սահմանում կռվող բանակի թիկունքին։

Վերադառնանք եվրոպական մայրցամաք` Փարիզում` Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում հայկական բերդ պարելու։ Այստեղ շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: Ֆրանսահայերը Փարիզի փողոցներով, Հայաստանի, Արցախի եւ Ֆրանսիայի դրոշներով, քայլել են դեպի արտաքին գործերի նախարարություն: Պատերազմի առաջին օրերից Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, միջոցառումներ է անցկացնում, որոնց ամեն անգամ ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում: Նրանք միանում են աջակցելու հայրենիքին:

Back to top button