ԿարևորՀասարակություն

Քողարկող ցանցեր՝ հերոսների մայրերից ու աշակերտ կորցրած ուսուցիչներից

«Արեգնազան» կրթահամալիրում դպրոցական արձակուրդը չսկսվեց, փոխարենը՝ սկսվեց ավելի կարևոր գործընթաց։ Աղոթքով ու հայրենասիրական երգերով երբեմն ընդհատվում է ընդհանուր եռուզեռը, որտեղ մեծ ու փոքր, կողք–կողքի նստած գործում են քողարկող ցանցեր։

«Ամեն մի քարկապ կապելուց, ցանցի վրա կամ ամեն մի հպում, որ մենք կտրում ենք, ամեն մարդ իր մտքում ինձ թվում է աղոթում  է, որ այդ մի քայլը անելով փրկի հերոսին, փրկի մեր զինվորին, ուղարկի այդ ջերմությունն ու աղոթքը, որ մենք իրենց կողքին ենք` միգուցե ոչ ֆիզիկապես, բայց հոգեպես հաստատ»,- նշում է նա։

Կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի Անի Միրզոյանն է։ Նրա խոսքով՝ ոչ մի սանտիմետր կտոր չեն թափում, դրանք էլ առաքելություն ունեն, օրինակ՝  ներքնակ դառնալու։ Արդեն 20–ից ավելի քողարկող ցանցեր են պատրաստել և ուղարկել Արցախ։

«Կարող են տարբեր մասնագիտության մարդիկ գալ, պարտադիր չէ գնան առաջնագծում կանգնեն, այսինքն՝ ցանկացած օգնություն էնտեղ դա մեծ հերոսություն է։ Հիմա արդեն մեզ մարդկային ռեսուրսներ են պետք, որ պետք լինի մենք էլ կանանցով պիտի գնանք։ Եթե լինի անհրաժեշտություն` բոլորս էլ պիտի գնանք, բայց հիմա էս ծայրահեղ վիճակում այդ կյանքի մահի կռիվը իզուր չի, դրանք բառեր չեն, մենք պիտի բոլորս գնանք կյանք»,– ավելացնում է Միրզոյանը։

Կրթահամալիրի գերմաներենի ուսուցչուհի Գայանե Դաշտոյանի օրը սկսվում և ավարտվում է նորություններին հետևելով։ Սահմանին կանգնած զինվորներից յոթը ընդամենը մեկ տարի առաջ դասասենյակում նստած իր աշակերտներն էին, որոնցից մեկը զոհվել է, իսկ մյուսները շարունակում են ատամներով պաշտպանել հայրենիքը։

«Էս օրերին մեր բոլորի սրտերը, հոգիները, էն ամեն ինչը, որ մենք ունենք մեր մեջ որպես ուժ, ուղարկել մեր զինվորին, մեր բանակին և մենք հաստատ հաղթած ենք։ Մեծ–մեծ խոսել պետք չէ, պետք է անընդհատ գործել»,- ընդգծում է Գայանեն։

Ուսուցչուհու համոզմամբ՝ քանի որ սուրբ գործ է, նախաձեռնությունը վարակիչ դարձավ և անգամ Կապանից հասել են այստեղ օգնելու համար։

«Ունենք նաև Արցախից ժողովուրդ, ունենք նաև Մարտունիից, մարդիկ այդ ծանր վիճակներում չեն ուզում նստել տանը և ասում են՝ մենք գալիս են։ Մենք ունենք (կամավոր աշխատողներ. խմբ.), որոնց երեխաները առաջնագծում են, նաև կան զոհված հերոսների ծնողներ, որոնք ուժ են գտել և գալիս են մյուս զինվորի համար (օգնելու.խմբ.)»,-ամփոփում է Դաշտոյանը։

Back to top button