ԿարևորՔաղաքական

Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է. Մնացականյան

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին։ Քննարկումը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին: 

«Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարարը վեբինարը վարողի՝ Ջոն Հերբսթի և առցանց ունկնդիրների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության  նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա:  

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են և նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը: 

ԱԳ նախարարը բարձր է գնահատել համանախագահ երկրների միասնականությունը՝ նշելով. 

«Թերևս միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ շատ կարևոր միասնականությունը հրադադարի հաստատամանը հասնելու համանախագահ երկրների ձգտումն է, որ կարող է վերջ դնել այն աղետին, որը սպառնում է Արցախի մեր հայրենակիցների գոյության և ապրելու իրավունքին»: 

Պատասխանելով հաղորդավարի՝ Թուրքիայի դերակատարությանն առնչվող հարցին՝ ԱԳ նախարարը նշել է. 

«Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում,  Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում»: 

Back to top button