ԿարևորՀասարակություն

Հարավային դարպասը ամուր է, սյունեցիների ոգին՝ անկոտրում

Սյունիքը նույնպես ոտքի է կանգնել՝ պաշտպանելու հայրենիքը։ Բազմաթիվ կապանցիներ մարտականորեն են տրամադրված և մեկնել են պաշտպանելու հող հայրենին։

Հանրապետության հարավային դարպասը նույնպես վճռական է տրամադրված, Սյունիքը ոտքի է կանգնել՝ պաշտպանելու հայրենի տունը։ Դրա վկայությունը բազմաթիվ կամավորների զինվորագրումն է։ Նրանցից մեկը 23-ամյա Ժիրայր Մարգարյանն է։

«23 տարեկան եմ, երեք տարի է ավարտել եմ ծառայությունս։ Այսօր նորից համազգեստ ենք հագել, անկախ նրանից ծառայության մեջ ենք, թե չէ։ Մեր պարտավորությունն է նորից տեր կանգնելու այն ամենին, ինչը մերն է։ Իրականում ոչինչ չի փոխվել, թշնամին նույնն է, սերունդն է փոխվել։ Ինչ որ տեղ հիշողությունն է պետք թարմացնել, այս անգամ այնպես, որ չլինի այն, ինչ հիմա կատարվում է։ Մեր հաղթանակով է ավարտվելու, այլընտրանք մեր ազգը չունի»։

-Ո՞նց եք տրամադրված։

-Օ՛, բոյեվոյ։

Քառօրյայի ժամանակ բեկորային վնասվածք ստացած Պյոտր Բաղդասարյանն է,  ասում է, որ վրեժ ունեն լուծելու։ Հիմա խնդիրը թերի թողնել չի կարելի, պետք է մարտնչել առավել, քան երբևէ։

«Գնացել ենք պարապմունքների, լրիվ մարտական են տղաները։ Ոչ վախ, ոչ փախուստ, ամեն ինչ նորմալ է, տրամադրությունը բարձր է, իրար հետ ինչպես մի ընտանիք։ Ահաբեկիչներ կլինեն, բայց կահաբեկվեն մեր փամփուշտից»։

Կամավորներից մեկն էլ 41-ամյա Վարդան Հայրապետյանն է

«Մեր ծնողների, զոհվածների պատիվը պահելու համար պարտավոր ենք հաղթել»։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի խոսքով` հատկապես վերջին օրերին ավելի է շատացել կամավորագրումը։

«Բավականին մեծ թվով կապանցիներ` տղամարդիկ,  տղաներ, բառի բուն իմաստով տղամարդիկ, արդեն իսկ կամավորագրվել են և բարձր մարտական ոգով պատրաստակամություն են հայտնել մինչև վերջ կանգնել ու ձիգ կանգնել մեր Կապանի սահմանների պաշտպանության համար»։

Սյունիքը,  ինչպես բոլոր ճակատագրական պահերին, կանգնում է թշնամու դեմ հանդիպման` հաստատ հաղթելու վճռականությամբ։

Back to top button