ԿարևորՀասարակություն

Բահի տեղ զենք․ արմավիրցի կամավորականների ինքնապաշտպանական ջոկատները մեկնեցին Արցախ

Արմավիրի մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են վարչապետի կոչին ու մարզում ձևավորել են ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ, որոնք այսօր մեկնեցին պաշտպանելու սուրբ հողը: Տղամարդիկ կկռվեն ճակատում, կանայք ու երեխաները՝ թիկունքում: Նրանք կավարտեն գյուղատնտեսական աշխատանքները:

Տարին բոլոր հողի հետ կռիվ տվող, քարից հաց քամող գյուղացիները գյուղատնտեսական  հիմնական աշխատանքները գրեթե ավարտած, կիսատ գործը ընտանիքի անդամներին թողած և բահի տեղ զենք վերցրած այսօր կամավորական ջոկատներ կազմելով մեկնեցին Արցախ՝ կռիվ տալու հանուն  հայրենի  հողի պաշտպանության:

«Ես 1990 թվից կռվել եմ, ապրիլյանին էլ եմ մասնակցել, հիմա էլ գնալու եմ իմ ախպերների հետ իմ երկիրը պահելու համար: Քարակերտից ենք»։

«Սաղ կյանքներս էլ էդ պատերազմի մեջ ենք, հիմա կամավորական ենք, էթում ենք հասնենք մեր երեխեքին, տղես էնտեղ ա, էթում ենք,  մի էսքան հող ա մնացել, էդ հողի համար: Մեզ ոչ մի երկիր պետք չի, որ օգնի: Ես ուվերենի եմ, որ հաղթանակը մերն ա, այ էս տղերքինն ա հաղթանակը, հըլը սենց նայի, 3 մետր են,  ու մեր պապական հողը բդի մնա մեր ժողովրդին, որ մենք վայելենք մեր սուրբ հողը»:

Երկու օր առաջ վարչապետը դիմել էր համայնքների ղեկավարներին ու մարզպետներին՝ կամավորագրվելու հայրենիքի պաշտպանությանը և  նույն օրը ստացել  արձագանքը: Առաջին արձագանքողներից մեկը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էր:  Կեսգիշերին մոտ  նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իր գլխավորությամբ պատրաստ են  զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանն ու մեկնել Արցախ: Այդ պահից սկսած համայնքներում ձևավորվել են կամավորական ջոկատներ, ներկայացել զինկոմիսարիատ և  մեկնել ռազմաճակատ: Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանն այս  պատերազմի ընթացքում եղել է Արցախում, այսօր նորից գնաց.

«Ժամանակն է, որ մենք բոլորս ոտքի կանգնենք ու պաշտպանենք  մեր հայրենիքը: Բոլորի մոտ կա մի ցանկություն՝ հաղթել ու հաղթել, առանց որևիցէ մեկ այլ  նախապայմանի»:

Արմավիրի զինկոմիսարիտում հավաքվածների մեջ դժվար էր ընկալել ով ում է ճանապարհում պատերազմ՝ հայը որդուն, թե որդին հորը: Բոլորն էլ ցանկանում են շուտ հասնել ռազմի դաշտ ու պայքարել մինչև վերջ.

«Հորս եմ ճանապարհում, մենք Նոր Արմավիր համայնքից ենք, երևի մյուս ջոկատով կգնանք, կամավորագրված ենք շատ շուտվանից, ուղղակի հայրս այսօր  կամավորականների հետ կմեկնի, ոնց որ մյուսները: Ինքը Նոր Արմավիր համայնքի ղեկավարն է»:

Աֆղանական ու արցախյան առաջին պատերազմից  դուշման մականունը վերցրած Դարբինյանը նույնպես  միացել  է կամավորականներին: Նալբանդյան գյուղից է, իր կյանքի միակ նշանաբանն է՝ ծառալել ու պաշտպանել հայրենիքը: Մարտավարական գիտելիքներն ու փորձը կրկին գործի դնելու ժամանակն է եկել: Հարցերին էլ զինվորականի պես է պատրասխանում՝  «Ճիշտ այդպես, անպայման»: Դուշմանն անտեսել է նախկին պատերազմից ստացած վերքերը և գնում է հաղթանակի հետևից.

«Վիրավորվել եմ մի քանի տեղից, բայց դե էլի գնում եմ, պետք է: Պետք է դաս տանք թուրքերին, որ իրենք իրենց տեղն իմանան»:

Արմավիրցի կամավորականների տրամադրությունը բարձր է, ոգին անկոտրում, հայրենիքի պաշտպանության սերն էլ այստեղ առանց տարիքային սահմանափակման է: Ենթադրում են, որ այս պատերազմի ավարտը հայի վերածննդի նոր փուլի սկիզբ է դառնալու.

«Տրամադրություններս, իհարկե, բարձր է, դարերով, հազարամյակներով պատրաստվել ենք այսօրվա համար, որ մենք մեր տեղում կանգնած լինենք ու գնում ենք կանգնենք մեր հայրենիքի համար: Անպայման հաղթանակած ենք վերադառնալու»:

Ազնվագույն նպատակի համար  սուրբ գործի վերջնական լուծումով կամավորականների ջոկատների ավտոբուսները   ծափերի ու սուլոցների ներքո մեկնեցին հաղթանակի հետևից մեկ համոզմունքով՝ վերադառնալու են հաղթանակած:

Հաղթելու ենք:

Back to top button