ԿարևորՔաղաքական

«Խաղի» մեջ մտավ ԱՄՆ․ հրադադարի 3-րդ փորձի սպասելիքները

Այս ժամերին Միացյալ Նահանգներում սկսվել և դեռ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանն ուղղված քննարկումները։ ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագհ երկիրն է արդեն փորձում հաստատուն համաձայնության հասնել։

Տապալված նախորդ երկու փորձից հետո միջազգային վերլուծաբանները վերապահումով են մոտենում ամերիկյան հանդիպումներին։ Խոսքն այս դեպքում թուրք-ադրբեջանական ալյանսի անկախատեսելիության մասին է։ Ոչ միայն վերլուծաբանները, այլև՝ ամերիկացի քաղաքական գործիչները լուծման նոր տարբերակներ են առաջարկում։

Առաջին դեպքում 5 րոպե, երկրորդ դեպքում 4 րոպե։ Ադրբեջանի կողմից այսքան են պահպանվել հրադադարների պայմանավորվածությունները։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար սահմանելու երրորդ փորձն է այսօր ձեռնարկվում Վաշիգտոնում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագհ երկու երկրներն արդեն փորձել են։ Հոկտեմբերի 10–ի մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանում՝ շուրջ 11 ժամ տևած համատեղ և առանձին քննարկումներից հետո, մեկ շաբաթ անց երկրորդ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ֆրանսիայի ջանքերի շնորհիվ։

Ամերիկյան կողմն այսօր փորձում է առանձին հանդիպումների ձևաչափը։ Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ դեռ ընթացքի մեջ է, Երևանի ժամանակով 18.30–ին նշանակված է Հայաստանի արտգործնախարար Զորհաբ Մնացականյանի հետ հանդիպումը։

Պետքարտուղար Պոմպեոն երեկ հայտարարել էր, որ իրավիճակը բարդ է: «Մեր, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ուղին հակամարտության դադարեցումն է»,– նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հստակեցնելով, որ երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից։  

Վաշինգտոնում կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Միացյալ Նահանգներ մեկնելու ճանապարհին թե Հայաստանի և թե Ադրբեջանի արտգործնախարարները միջանկյալ հանդիպումներ են ունեցել Մոսկվայում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ․ «Կարևորում են ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ԵԱՀԿ ՄԽ–ի այլ անդամ երկրների ջանքերը՝ հակամարտության կողմերի համար  ընդունելի փոխզիջումների տարբերակներ գտնելու գործում։ Առաջինը, ինչ անհրաժեշտ է անել, դադարեցնել կրակը, հայտարարել է ՌԴ նախագահը»։

Միջնորդները հաստատում են, որ այս փուլում օրակարգային թիվ մեկ և գրեթե միակ հարցը՝ կրակի դադարեցումն է և մարդասիրական հրադադարը։ Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել երրորդ փորձից՝ ամերիկյան հանդիպումներից։ Միջազգային վերլուծաբանները այս հարցում այնքան էլ լավատես չեն։ Նրանց հետ զրուցել են «Ամերիկայի ձայն»–ի մեր գործընկերները։ Կա կարծիք, որ միջազգային հանրությունը թեև կարող է ճնշում գործադրել, բայց այդ անհատական փորձերը մշտապես կձախողվեն մինչև կողմերի միջև ուղիղ համաձայնություն ձեռք չբերվի։

Լուսանկարը՝ ТАСС-ի

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին այսօրվա հանդիպման դրական  հատված է համարում ազդակը, որ Թրամփի վարչակազմը ի վերջո բարձր մակարդակով որոշել է ներգրավվել գործընթացում։ Բայց այս դեպքում էլ վերլուծաբանը մեծ սպասելիքներ չունի։  

«ԱՄՆ ու Թրամփի վարչակազմն ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Միգուցե նրանք փորձեն երկխոսել թուրքերի հետ, քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես այս հակամարտության կողմ: Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը կարող է դա անել, թե ոչ»։

Հորիզոն կենտրոնից վերլուծաբան Ռիչարդ Վեյցի կարծիքով Ադրբեջանը դեռ շարունակում է իրականացնել իր առջև դրած խնդիրը։

«Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ զբաղեցնել, ուստի նրանք չունեն որևէ դրդապատճառ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Ավելի շատ տարածքներ, նշանակում է բանակցություններին ավելի ամուր դիրքեր»։

Պատերազմական օրերին ադրբեջանական կողմը դրժել է ոչ միայն ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, այլև՝ փոխել իր մոտեցումը բանակցային էության շուրջ։ Բացի նրանից, որ ցանկանում է ամեն գնով Թուրքիային մասնակից դարձնել գործընթացներին, նաև հայտարարում է, որ «Ադրբեջանը պատրաստ է միայն ԼՂ հայերին տրամադրել մշակությային ինքնավարություն»:   

Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները փորձում են լուծումներ գտնել, Միացյալ Նահանգներում նոր թափ է ստանում Արցախի անկախությունը ճանաչելու դիրքորոշումը։ Կոնգրեսմեն Բրեդ Շերմանի կարծիքով՝  կրակի չդադարեցման դեպքում Միացյալ Նահանգներից հենց այդ հաղորդագրությունը պետք է հնչի։   

ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքիի կարծիքով պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ Ազատության աջակցման թիվ 907 ակտը լիարժեք կկիրառվի, և կդադարեցվի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունն անվտանգության ոլորտում: «Ավելին, պետքարտուղար Պոմպեոն և նախագահ Թրամփը, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է պարզ դարձնեն իրենց ավտորիտար ընկերոջ համար, որ Թուրքիայի հետագա ներգրավվումն այս հակամարտությունում կարժենա իրեն տրամադրվող ռազմական աջակցությունն ու ջերմ հարաբերություններն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ»,- շեշտել է սենատորը:

Իսկ ահա կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք:

Ցուցադրել ավելի
Back to top button