ԿարևորՀասարակություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք:

Ամերիկայի ազգային հայկական համագումարի (ANCA) հաղորդմամբ՝ բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ընթացիկ հարձակումները Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ, կոչ անում դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, հորդորում, որ Արցախը դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների ուղղակի մասնակից և, ընդհանուր առմամբ, կոչ անում նաև թուլացնել ԱՄՆ-ի և Արցախի միջև հաղորդակցման ոլորտում առկա սահմանափակումները:

«Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախ ապրելու նպատակը սատարելու հստակ ուղերձով հանդես գա, հատկապես Մայք Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կարևոր հանդիպումների նախօրեին: Քանի որ այս արյունալի հակամարտությունը շարունակվում է, ժամանակն է վերջապես ճանաչելու Արցախի՝ անկախ ապրելու լեգիտիմ պահանջը և պաշտոնապես ճանաչել այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է բանաձևի հեղինակ Փալոնը:

«Ընթացքում մենք պետք է նաև հաստատուն քայլեր ձեռնարկենք Ադրբեջանին և Թուրքիային իրենց ագրեսիաների համար պատասխանատվության ենթարկելու և Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը լուծող կայուն լուծում ստեղծելու ուղղությամբ: Այս բանաձևի ներդրումն օգնում է մեզ այդ ճանապարհով ընթանալ »,- նշել է կոնգրեսականը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button