ԿարևորՀասարակություն

Վրաստան․ Աջակցություն Արցախին, աղոթք՝ հանուն հաղթանակի

«Աջակցություն Արցախին» նախաձեռնության շուրջ բացառիկ միասնություն են ցուցաբերում վիրահայերը` Թբիլիսիից, Աջարիայից, Ջավախքից եւ երկրի այլ շրջաններից։

Լինելով ամենամոտը Հայաստանին, տեղի հայությունն անում է ամեն ինչ՝ դեղորայքը, բժշկական սարքավորումները ժամանակին տեղ հասցնելու։

Իսկ երկրի հայկական եկեղեցիները, որ այս օրերին առավել մարդաշատ են՝  մեկ աղոթք են հնչեցնում՝ Աղոթք հանուն հաղթանակի։ 

«Աղոթք միմիայն հաղթանակի համար», «Աղոթք հանուն հաղթանակի»․ Բաթումիի միակ հայկական եկեղեցում Աջարիայի տարբեր շրջաններից հայությունը գալիս է աղոթելու այդ նշանաբանով։ Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանն ասում է․   

«Հաղթելով մենք կպաշտպանենք ոչ միայն մեր մայր հայրենիքն ու Արցախը, այլ համամարդկային արժեքները»։

Այս գիտակցմամբ հայ համայնքի ձեռնարկած «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը միանում են նաև վրացիներ, երկրի բոլոր շրջաններում։

«Նրանք գիտակցում են՝ Արցախում կանգնած հայ զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև բարոյական, քրիստոնեական և մարդկային արժեքները»։  

Սեպտեմբերի 28-ից «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակ է գործում նար Թբիլիսում՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Այստեղ հազարավոր թբիլիսահայերին միանում են նաև մոտակա շրջաններից ու գյուղերից։ Դրամահավաքը շարունակվում է, զուգահեռ հումանիտար օգնություն է կազմակերպվում։ Նախաձեռնության պատասխանատուներից Լևոնն ասում է․

«Իմ 20–ամյա հասարակական կյանքի գործունեության ընթացքում սա բացառիկ միասնություն է Թբիլիսիի հայ համայնքում, մարդիկ կան, որ ամեն օր իրենց օրավարձն են նվիրաբերում։ Իհարկե, այս ամենը շատ չնչին է այն զոհաբերության համեմատ, որ անում են մեր տղաները սահմանում՝ ապահովելու հայոց պետականությունն, ողջ հայ ազգի ու քրիստոնյա տարածաշրջանի ապագան»։

Պատերազմական առաջին օրվանից ոտքի կանգնել հայաշատ Ջավախքը․ ակցիաներ՝ ի զորակցություն Հայաստանի ու Արցախի։ Այստեղ բացված «Ջավախք» հիմնադրամի հումանիտար աջակցությունը շարունակվում է շրջանի բոլոր անկյուններից։ Հիմնադրամի ղեկավարների Կարեն Պապիկայն ասում է․  

«Ողջ հայությունն է մի բռունցք դարձել, միայն Ջավախքը չէ․ և այլընտրանք չկա հաղթանակին»։

Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանն էլ ավելի համախմբվելու կոչ է անում, որին հաջորդելու է հաղթանակը։ 

Ի աջակցություն Արցախի արդար պայքարի, այսօր Թբիլիսիում երթ են անցկացրել վիրահայերը, որն ավարտվել է Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցում՝ մոմավառությամբ և խաղաղության աղոթքով։

Ցուցադրել ավելի
Back to top button