Լալայանը զավակներ չունեցավ։ Նա իր բոլոր եկամուտներն ի սպաս դրեց ազգագրության զարգացմանը։
Հայոց գավառներին նվիրված 26 հատորները մանրամասն նկարագրում էին հայ ժողովրդի կենցաղը, սովորությունները, ծեսերը՝ թաղումից մինչև ծնունդ։
19-րդ դարի երկրորդ կեսից բուրժուական բարքերի ազդեցության տակ ժողովուրդն աստիճանաբար հեռանում էր նահապետական բարքերից, կենցաղից։
Ազգայինը կորցնելու վախը ստիպեց Լալայանին՝ կոչով դիմելու հայ մտավորականությանն, որպեսզի նրանք փշուր-փշուր հավաքեն և թղթին հանձնեն իրենց գավառի կյանքի, սովորությունների, հավատալիքների մասին մանրամասներ, հեքիաթներ,
զրույցներ։
Նա ինքն էլ շրջեց բոլոր գավառներով, մի քանի հատոր նյութ հավաքեց, որոնք գրքի ձևով տպագրեց 26 հատորով։
Լալայանի կինը նրա հավատարիմ օգնականն էր և գործընկերը։
Զավակ չունենալով, նրանք իրենց բոլոր միջոցներն ամբողջովին նվիրեցին նախ Ազգագրական ընկերությանն, ապա Ազգագրական հանդեսի և հետո նաև հրատարակչության ստեղծմանը։
Ազգագրական և հնագիտական նյութերը հետագայում հիմք դարձան Երևանում Պատմության թանգարանի ստեղծման համար։