ԿարևորՀասարակություն

Լուռ ու կույր մի՛ եղեք․ դեսպանատաների մոտ բողոքի ակցիաները շարունակվում են

«Ինչո՞ւ է լռում Ամերիկան,  ահաբեկչություն է իրականացվում Արցախում»։

Արցախցի կանայք այս անգամ  Հայաստանում  ԱՄՆ  դեսպանատան մոտ են հավաքվել։  Պահանջում են չլռել , չկուրանալ և արձագանքել  Արցախում շարունակվող ահաբեկչությանը։ 

«Եկել ենք պահանջելու ԱՄՆ–ից , որպեսզի որպես ՆԱՏՕ–ի գլխավոր անդամ  սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ և վերջ դնի Թուրքիայի միջամտությանը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը։  Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն պետք է   միջամտի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը  և խաղաղություն հաստատի մեր երկրում»:

Ակցիայի մասնակիցները բռնի տեղահանված կանանց անունից նամակ էին պատրաստել ԱՄՆ դեսպանին հանձնելու համար։   Նամակում ավելի շատ  շեշտը դրել են երրորդ ուժի՝ Թուրքիայի ներգրավվածության վրա, անդրադարձել են Արցախի ճանաչմանը,  ԱՄՆ–Ադրբեջան   փոխհարաբերություններին և այդ երկրի կողմնակալ վերաբերմունքին, ասում է ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։  

«Մենք չենք լռելու  կամ հենց այնպես չենք խոսելու ու հեռանալու,   մենք պահանջ ունենք , որ դեսպանատան ներկայացուցիչը    դուրս գա, լսի մեզ, այլապես մենք  այստեղից չենք հեռանալու։ Նույնիսկ հանդիպում ենք պահանջում։  Այլևս անհնար է լռել»։  

Ակցիայի մասնակիցներից երեքը  դեսպանատան մուտքի մոտ՝ դրսում,  հանդիպեցին  դեսպանատան  դիվանագիտական բաժնի պետ  Հիլզա Զափթելի հետ։ Հանձնեցին նամակը, ևս մեկ անգամ ներկայացրին իրենց պահանջը  և խնդրեցին հանդիպում դեսպանի՝  Լին Թրեյսիի հետ։

«Մենք  պահանջեցինք նաև , որ սպասելու ենք պատասխանի շատ արագ։ Այլապես հնարավոր է մեր հավաքն ավարտվի, բայց նորից հավաքվելու ակնկալիքով։ Մենք այստեղ վրաններ ենք դնելու և ապրելու ենք այստեղ, որովհետև մենք գնալու տեղ չունենք։ Մեր հայրենիքը սա է»։

Մի խումբ ցուցարարներ  էլ  Հայաստանում Ուկրաինայի,  այնուհետև  Վրաստանի դեսպանատան մոտ անցկացրած ակցիաների ընթացքում իրենց դժգոհությունն են  հայտնել  երկու պետությունների վարած քաղաքականությունից։ Ուկրաինայի դեսպանատանը ցուցարարներին ընդունել է  փոխդեսպանը։

«Ուկրաինայի փոխդեսպանն ասեց, որ Զելինսկին չի ասել, որ պատրաստ է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, նա ասաց, որ օգնության առաջարկը եղել է միայն հումանիտար։ Նա էլ պաշտոնապես հայտարարեց, որ ռազմական օգնության մասին որևէ խոսք չի եղել»։

Իսկ արդեն Վրաստանի  դեսպանատան առաջ ցուցարարները  դժգոհել են հարևան պետությունից՝ նշելով, որ այդ երկիրն իր օդային և ցամաքային սահմանները ծառայեցնում է Ադրբեջանին զինելուն։

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ, սակայն դեսպանատնից տեղեկացրել են, որ վերջինն աշխատավայրում չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button