ԿարևորՀասարակություն

«Բայրաքթար»-ը զրկվում է «ուղեղ»-ից և «աչքեր»-ից․ կանադական և ամերիկյան պատիժը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն՝ DLA Piper-ը և The Livingston Group-ը, հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ Ինչպես հաղորդում է համագումարը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, արվելու է հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ էլ վարվեն նույն կերպ։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերություններից մեկը դադարեցնում է թուրքական ԱԹՍ–ների համար իրենք արտադրանքի մատակարարումը։ Սա արդեն տեղի է ունեցել ամերիկահայ համայնքի անմիջական ճնշումների և ցույցերի միջոցով։ Մինչ աշխարհը փորձում է «աչքերը բացել» տեղի ունեցող իրադարձությունների վրա, Ադրբեջանը հայտնվում է նոր սկանդալի մեջ՝ կապված ռազմական սպառազինության մատակարարումների հետ՝ հարվածի տակ դնելով արդեն Չեխիայի Հանրապետությանը։

Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը ոչ միայն խոցվում է հայկական զինուժի կողմից, այլև՝ զրկվում իր բաղադրիչ մասերի մատակարարումից։ Ժամեր առաջ ամերիկյան «Viasat» ընկերության ղեկավար Քեն Փեթերմանը հայտարարեց՝ դադարեցնում են անօդաչուների համար նախատեսված արտադրանքի վաճառքը Թուրքիային։



Ահա այսպես, «Fox 5» հեռուստաալիքին տրվող հարցազրույցի ընթացքում «Viasat»–ի ղեկավարը ներկայացրել է, որ ընկերությունը պաշտպանական ոլորտի գործունեությամբ է զբաղվում։ Արտադրանքը, այո, վաճառել են Թուրքիային, բայց չեն իմացել, որ դրանք օգտագործվում են ահաբեկչության մեջ՝ եկեղեցիներ և հիվանդանոցներ ռմբակոծելու համար։ «Մենք չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրն ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան թուրքերին»,- ասաց Քեն Փեթերմանը։

Ընկերությունը նաև Վաշինգտոնից պահանջելու է բացատրություն՝ ինչպես է պատահել, որ Թուրքիան իրենց մատակարարած սարքավորումներն օգտագործում է հարվածային ԱԹՍ–ներում։ «Viasat»–ի որոշման պատճառը ամերիկահայ համայնքի բողոքի ակցիան էր հենց ընկերության գրասենյակի մոտ։

«Ես պատուհանից տեսնում եմ ցույցը մեր բակում և ես շատ շնորհակալ եմ այս ձևի, այս խաղաղ ցույցի համար, և ես հուսով եմ, որ ձեր ձայները կլսվեն և այս ահաբեկչությունը, այս ցեղասպանությունը կանգ կառնի»։

Ամերիկայի հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Viasat»–ի ղեկավարությունը ծանոթացել է խնդրին և ցուցարարների պահանջին։ Ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը պարզաբանում է զրույցի էությունը։

«ԱԹՍ–ները աշխատում են այդ մասերով, որոնք համարվում են ԱԹՍ–ի ուղեղը։ Որն է մեր խնդիրը, որ եկել ենք այստեղ, որ համոզված լինենք, որ այս մասերը այլևս չեն տրվելու Թուրքիային, պայմանագիրը չի շարունակվելու «Viasat»–ի և Թուրքիայի միջև և որպեսզի Թուրքիային չտրվի նաև արբանյակային կապը, որպեսզի նրանք թռցնեն այդ ԱԹՍ–ները։ Մենք նոր պարզեցինք, որ «Viasat»–ը արբանյակային կապ չի տալիս Թուրքիային, ուստի այդ կետը դուրս է գալիս պահանջների միջից»։

Ամսվա սկզբին Կանադան էր դադարեցրել Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու է դրանց` Ադրբեջանից Հայաստանի դեմ օգտագործվելու փաստը: Իսկ թուրքական հարվածային ԱԹՍ-ների օգտագործումը անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հաստատել իր հարցազրույցներից մեկում։

Եթե «Viasat»–ի արտադրանքը համարվում է «Բայրաքթար»–ի ուղեղը, ապա կանադական արտադրանքը ԱԹՍ–ի «աչքերն» են։ Մասնագիտացված «Ռազմինֆո» կայքը բացատրում է․ «դրանց շնորհիվ են թուրքական ԱԹՍ–ները ստանում շատ խորը ու լավ պատկերներ: Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրապարակվող մարտական գործողություններից տեսանյութերում օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները»:

Այն, որ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ն ադրբեջանական կողմն օգտագործում է Արցախի դեմ, արդեն ունի նաև նյութական ապացույց։ Հայկական կողմի ձեռքի տակ են հայտնվել «Բայրաքթարի» բեկորներ, որոնցից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը` հունիսին, Կանադայում:

«Կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում և դրա նախապատրաստություններին: Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները»,– երկու օր առաջ գրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է՝ հայկական զինված ուժերը սովորել են խոցել ոչ միայն անխոցելի համարվող իսրայելական ԱԹՍ–ները, այլև՝ թուրքական «Բայրաքթար»-ները։

«Կարող եմ ասել, որ երբեմն լինում են իրավիճակներ, որ մեր զինված ուժերը, մեր ստորաբաժանումները խոցում են, բայց այդ խոցված սարքերը ընկնում են օրինակ միջդիրքային տարածության կամ իրեն տարածքում, բայց հետո, երբ մեր զորքերը առաջ են գնում։ այսինքն՝ հայտնվում են տվյալ մասերը մեր ձեռքի տակ, մենք արդեն դա հրապարակում ենք։ Հստակ չեմ կարող ասել, բայց 1 տասնյակից ավելի հաստատ խոցվել է»։


Վերջին օրերին Ադրբեջանին սպառնում է նոր միջազգային սկանդալ՝ ռազմի դաշտում   մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները օգտագործելու հետ կապված։ Խնդիրն այն է, որ DANA–ն չեխական արտադրության սպառազինություն է։ ԵՄ–ն և ԵԱՀԿ–ն հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին և Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով: Բայց փաստ է, որ 2 օր առաջ DANA–ն արդեն օգտագործվում է արցախահայության դեմ։

Դեռ երկու տարի առաջ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում հրապարակում կար այս խնդրի մասին։ Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատել էին չեխական արտադրության ռազմական տեխնիկա։  Ի պատասխան հարցումների` այն ժամանակ չեխական կողմը պնդել է․ երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է:

Ի վերջո պարզվել է, որ Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: 

Ցուցադրել ավելի
Back to top button