ԿարևորՀասարակություն

Վարկային ներումներ՝ հայրենիքի պաշտպաններին

Սահմանը պահող զինվորների և պետությանը աջակցող գարծարաների համար երկու կարևորագույն նախագիծ քննարկելու նպատակով այսօր գումարվել է Աժ արտահերթ նիստ։ Հրատապության 24–ժամյա ռեժիմով քննարկման ներկայացված հարցերը պատերազմական դրության թելադրանքով են ներկայացվել։  

Պատերազմը նոր կանոններ է թելադրում բանկային և հարկային ոլորտներին։ Կառավարությունն առաջարկել է, ԱԺ–ն ընդունել անհրաժեշտ փոփոխությունները։

Առաջին փոփոխությունով առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկային պարտավորությունները։ Նախագծով կառավարությունը լայն շրջանակ է ներկայացրել։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան․

«Հնարավորություն է ընձեռում այս օրենքի ընդունումը առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն հենց մարտական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները։ Այն է՝ ծնողներ` համատեղությամբ ապրող, ամուսին և համատեղությամբ ապրող զավակներ։ Ի նկատի ունենք ոչ միայն տույժերը և տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»։   

Սա հնարավորություն է, որ պետությունը տալիս է մասնավոր բանկերին և վարկային կազմակերպություններին։ Վերջնական, հայեցողական որոշումը տրված է այդ օղակին։ Ֆինանսների փոխնախարարը հաստատում է՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կա նման պատրաստակամություն։

«Որտեղի՞ց է գալիս մեր համոզմունքը այն մասին, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամություն ունեն ավելի մեծ ծավալի ներումներ կատարելու։ Այս նախագծի քննարկման ընթացքն է դա ցույց տվել, երբ օրինակ, նույն բանկային հատվածից էինք ստացել առաջարկներ։ Սա նշանակում է, որ նրանք ունեն արդեն իսկ ձևավորված որոշակի մտադրություններ, որոնք կդրսևորվեն իրենց վարքագծում։ Ավելին ասեմ, կան բանկեր, այդպիսի դեպքեր են մեզ հայտնի, որոնք չեն էլ սպասել այս օրենքի ընդունմանը։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք բացառիկ վիճակում ենք և մենք ունենալու ենք իր նպատակին ծառայող օրենք ու բավակաինն շատ ծավալով ներումներ։ Անգամ եթե  էմոցիաները մի պահ կողմ թողնենք ու փորձենք տնտեսագիտորեն նայել հարցին՝ իմաստ չկա պարզապես այդ ակտիվները շարունակ պահել բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվեկշիռներում, որովհետև, եթե բանկը իրատեսորեն գնահատում է, որ դրա սպասարկման, մարման հավանականությունը չկա կամ մոտ է զրոյի, բնականաբար, ամենառացիոնալ որոշումը պետք է լինի դրանք դուրս գրելը և մարդկանց ազատելը վարկային պարտավորություններից»։   

Այս առաջարկ- նախագծին խորհրդարանը կողմ էր միաձայն։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը զուգահեռ տեղեկացրեց այլ խնդրի մասին, որին նույնպես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։

«Այսպիսի մի տեղեկություն էլ կա, որը գալիս է հիմնականում մեր հայրենակիցներից, որոնք այսօր պատերազմում են։ Խնդիրն այն է, որ շատերն ունեն որոշակի բանկային պարտավորություններ։ «Բարգավաճ Հայաստան»–ը արդեն աշխատում է նախաձեռնության շուրջ, որ այն բանկային պարտավորությունները, որոնք ունենք՝ տոկոսների հաշվարկը, տոկոսների մուծումը, կամ կանգնեցվի, կամ սառեցվի, կամ ինչ–որ մի մեխանիզմ գտնենք, որ մարդիկ, որոնք այսօր առաջնագծում են, իրենց ընտանիքներն այդ բանկային պարտավորությունների բեռի տակ չմնան։ Մենք հասկանում ենք, որ այն ընթացքը, որը մենք սկսել ենք բավականին երկար է, բայց հենց հիմա դիմում եմ բանկերին, և իրենք բազան ունեն ըստ երևույթին, որ գոնե այն զինծառայողները, որոնք օրինակ՝ օվերդաֆթ կամ այլ վարկեր ունեն, որ իրենց այդ տոկոսային և մուծումների բոլոր պահերը ինչ- որ ձև կարգավորեն, որ մարդիկ, կոպիտ ասած, հանգիստ լինեն իրենց ընտանիքների համար»։

Արդեն ընդունված նախագծերից մեկով էլ հարկերից ազատվում է պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին հանձնվող`  ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից: Այս կարգավորումը գործելու է ռազմական դրության ժամանակահատվածում։ Արտոնությունը տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ներմուծված ապրանքների վրա: Թե ինչու է նախագծով արձանագրվել միայն ԵԱՏՄ տարածքը, պարզաբանում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը․

«Ի տարբերություն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից, այստեղ կա շատ կիրառական ու շատ արդյունավետ միջոց։ Այս ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար ներմուծող՝ անհատ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ, կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից։ Սրանով է բացատրվում այն, որ նախագծով ներկայացված առաջարկը վերաբերում է միայն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումներին, որի պարագայում չկան մաքսային ընթացակարգեր, հետևաբար չի ներկայացվում որևէ մաքսային հայտարարագիր»։  

Պատերազմական այս փուլում կան կազմակերպություններ, որոնք մինչև պատերազմը իրենց պահեստներում պահեստավորած տարբեր իրերը ցանկանում են փոխանցել պետությանը։ Այս դեպքում նույնպես արտոնությունը գործելու է, բացատրում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․

«Այս դեպքում, ճիշտ է` ավելացված արժեքի հարկ չի առաջանում, բայց նախկինում կատարված հաշվանցումների վերաձևակերպման խնդիր է առաջանում։ Մենք մեր գործընկերների հետ քննարկել ենք և այդ առաջարկը կանենք, որպեսզի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև հենց ներքին գործարքների դեպքում այդ արտոնությունը գործի։ Մարդիկ նյութական օգնություն են ցուցաբերում՝ նորմալ է ու պետք է դրան համապատասխան արձագանք լինի պետության կողմից։ Բայց նաև հերթական անգամ խնդրանք ու կոչ, որ եթե ցանկություն կա օգնություն ուղարկելու, ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, որպեսզի պետությունը ինքը որոշի՝ որ ուղղություններով այդ գումարը ծախսի»։

ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված երկու հարցն էլ օրակարգ են ընդգրկվել հրատապ ռեժիմով՝ 24 ժամում ամբողջությամբ քննարկելու և ընդունելու մտադրությամբ։

Back to top button