ԿարևորՄիջազգային

«Արյունոտ» շապիկներ` Տորոնտոյի կենտրոնում․ հայերը կոտրում են աշխարհի լռությունը

Բողոքի ցույցեր, ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ, երթեր ու դրամահավաքներ. աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ երկրների հայկական համայնքները տարբեր միջոցներով  բարձրաձայնում են Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Այսօր ավելի բազմազան, ավելի բարձր քան երեկ ու ավելի ցածր ձայնով, քան վաղը։

Չեխիայի հայ համայնքը ստորագրահավաք է անցկացրել և դիմել երկրի խորհրդարան։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ օնլայն ստորագրահավաքին 3 օրում միացել է արդեն 3000 մարդ։ Հայերը հույս ունեն, որ Չեխիան վերջապես կլսի իրենց ձայնը, և կարձագանքի արցախյան բնակչության դեմ իրականացվող  ագրեսիային։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը վստահեցրել է, որ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ կան չեխեր, որոնք նույնպես մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությունը հավաքագրելուն կամ օգնել են դրամով։ «Չնայած մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորս ձեր կողքին ենք»,– ասում է Հակոբ Ավետիսյանը։

ԱՄՆ-ում բնակվող հայերը հրեական համայնքի ներկայացուցիչների հետ Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջան, և դատապարտել են Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը։

Զանգվածային բողոքի երթ է տեղի ունեցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում. իսպանահայերն իրենց բողոքն են հայտնել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների: Նրանք  քայլերթով Սանտա Էնգրասիա փողոցից շարժվել են դեպի Իսպանիայի խորհրդարան, որտեղ էլ տեղի է ունեցել բողոքի ցույցը:

Երթի հազարավոր մասնակիցները թափահարել են հայոց դրոշն ու թուրք-ադրբեջանական հարձակումները դատապարտող գրությամբ պաստառներ ցուցադրել։ Իսպանիայում ապրող հայերը կոչ են արել երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը: Երթին մասնակցել են Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանն ու դերասան Հովիկ Կեուչկերյանը:

●Իսպանիայից մինչև Ուրուգվայ․ հայերի բողոքի չլռող ձայնը

Ցույցի մասնակիցները վանկարկում էին, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են, ինչպես նաև «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք»: Ցուցարարներն իրենց ձեռքում պահում էին Հայաստանի, Արցախի ու Իսպանիայի դրոշները: Ցույցի մասնակիցներից մեկը նկատեց, որ հայերն այլևս խեղճ ազգ չեն:

«Այժմ շարունակվում է ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանությունը, նրանք ցանկանում են վերջ տալ մեր տեսակին: Մենք պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք, որպեսզի մեր թշնամուն ծնկի բերենք ու ողնաշարը կոտրենք, որ թուրքն այլևս չմտածի, որ կարող է Հայաստանի կողմը նայել»,- նշել է մասնակիցներից մեկը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում էլ լուռ ակցիա է տեղի ունեցել Ֆրանսիայի քաղաքապետարանի դիմաց։  Հարյուրավոր հայեր սոցիալական հեռավորության վրա կանգնած պարզել են թուրք– ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներ։

Օվկիանոսից այն կողմ էլ հայերի բողոքի ցույցը ամենաազդեցիկներից էր։ Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով: Նրանք պարաններից կախել են արյունոտ հագուստ, այդ թվում նաև մանկական շապիկներ։ Կանադահայերն այս կերպ ուշադրություն են հրավիրել Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումների վրա։ Նրանք պարզել են «Hospitals are being bombed» Հոսպիտալները թիրախավորվում են, Armenian genocide 2020, Հայոց ցեղասպանություն 2020 գրությամբ ցուցապաստառներ։

Եվրոպական մայրցամաքում՝ Բելգիայում հայերը ավտոերթ են կազմակերպել։ Նրանք Բրյուսելում մեքենաներով շարժվել են դեպի  ՆԱՏՕ-ի գրասենյակ։ Ցույցի մասնակիցներից մեկը վստահեցնում էր, որ Բրյուսելը երբեք այսքան մեծ, այսքան լավ կազմակերպված ավտոերթ չի տեսել։ Ավտոշարասյան մեջ նաև մեծ էկրանով մեքենա կար, որի վրա ցուցադրվում էին Արցախում նկարահանված կադրեր։ Ցույցի մասնակիցներն ասում էին թող Բելգիայում տեսնեն ու լսեն այն, ինչ լսում ու տեսնում են արցախցիները։ Ցույցի ընթացքում, ըստ մասնակիցների, իրենց են միացել նաև տեղական լրատվամիջողների լրագրողները, Եվրանյուզի նկարահանող խումբը։

Ցուցադրել ավելի
Back to top button