ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ը՝ հումանիտար օգնությամբ, ԵՄ-ն՝ ակնկալվող գնահատականով. ի պատասխան բողոքի ակցիաների

Արցախի անկախության միջազգային ճանաչումը` հրատապ անհրաժեշտություն. այս պահանջով Հայաստանի մի խումբ քաղաքացիներ այսօր ԵՄ դեսպանատան առջև էին։ 

«Չենք ընդունում և դատապարտում ենք   այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ բերում են, որ  Արցախի անկախությունը ճանաչված չէ, և  դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ  վիրավոր երեխաներ, կանայք և այնտեղ դրված է հայերի բնաջնջման վտանգը»։     

Միջազգային կառույցներից մտահոգություններ լսելու ժամանակն անցել է ,  արդեն անհրաժեշտ են պարզ գործողություններ, որոնք  բխում են  այդ  կառույցների պարտականություններից՝ ասում է ակցիայի մյուս մասնակիցը։   Եթե միջազգային կառույցները սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, ապա  դրանք արտահայտելու այլ վայր թող ընտրեն։

«Վերջացրե՛ք ձեր կոչերը, անցեք հաջորդ  փուլին, կատարե՛ք վերլուծություններ,  կոչե՛ք իրերն իրենց անուններով  և կատարե՛ք կոնկրետ գործողություններ, այլապես մենք ձեզ կհրավիրենք այս երկրից դուրս և մեր մարտավարությունն այլ հարթակում կիրականացնենք՝ առանց հաշվի առնելու միջազգային ու մարդասիրական նորմեր, և միգուցե մեր երկրի համար դա կլինի փրկություն»։   

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին ընդունեց  ակցիայի մասնակիցներից երեքին։  Առանց լրատվամիջոցների  մոտ 30 րոպե տևած հանդիպումը,   ակցիայի մասնակիցների խոսքով,  տարբերվում էր երեկ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպումից։ ԵՄ դեսպանի  պատասխանները բավականին հստակ էին։  

«Ես դեսպանին այս նկարն եմ ցույց տվել, որ տեսնեն թե ինչպես են վարվում հայ զինվորի հետ։ Ինքն էլ ասեց, որ  մենք տեսել ենք բոլոր տեսանյութերը, ծանոթ ենք ամեն ինչին։ Բոլորը ներկայացվել է Բրյուսել,  և հույս հայտնեց, որ կհնչի գնահատական»։

Երեկ ՄԱԿ-ի դիմաց արցախցի կանայք արդեն օրվա երկրորդ կեսին  հանդիպել են ՄԱԿ–ի մշտական  համակարգող  Շոմբի Շարփին, խոսել  արցախյան պատերազմի մասին, ներկայացրել  իրականությունը և պահանջել, որպեսզի իրենց  ծավալուն նամակը փոխանցվի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ։

«Պարոն Շարփից երևաց, որ նա կարեկցում է մեզ։ Ինչպես նաև նա հայտնեց, որ ցանկությունը մեծ է Արցախում սեփական աչքերով տեսնել ինչ է կատարվում, սակայն իր լիազորությունները սահմանափակվում են ՀՀ–ի տարածքով։  Նա հավաստիացրել է, որ աշխատում է այդ ուղղությամբ , որ գոնե  մարդասիրական խողովակ բացվի դեպի Արցախ և  նրանցից որևէ մեկը կարողանա  օրինական մուտք ունենալ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար» ։

ՄԱԿ–ի օգնությունը միայն հումանիտար կարող է լինել, ինչից էլ արցախցի կանայք հրաժարվել են․ Հայաստանն ու Սփյուռքն աջակից են այդ հարցում։ Նրանց միակ ցանկությունը հրադադարն է։

Back to top button