ԿարևորՔաղաքական

Արցախը՝ միջազգային կազմակերպությունների հեղինակության փորձաքար

Հայկական կողմի դիմումների հիման վրա միջազգային մի քանի կազմակերպությունում հարուցվել են վարույթներ ահաբեկիչների թեմայով․ տեղեկությունն այսօր պատգամավորներին փոխանցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թուրք–ադրբեջանա–ահաբեկչական հարձակման հետևանքներն ու միջազգային կառույցների հետ աշխատանքը․ այս հարցերն այսօր խորհրդարանում քննարկվել են ոչ միայն օմբուդսմենի, այլև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ։ Հանդիպման մի մասը բաց է եղել, մյուս մասն ընթացել է դռնփակ։

Միջազգային կառույցների համար Արցախը դարձավ այն փորձաքարը, որը պետք է ապացուցի միջազգային իրավունքների իրական արժեքը։ Հենց այնտեղ և հենց այս պահին միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ տարբեր բարձր ամբիոններում արտասանված «ոչ ոք չպետք է դուրս լինի եզրագծից», «ոչ մեկը չպետք է անտեսվի և մեկուսացվի» սկզբունքներն իրականում աշխատում են։ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու են նաև միջազգային կառույցները, ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հիմնավորելով․

«Այս վայրագությունները, այս դաժանությունները, ավերածությունները` զանգվածային, որ Ադրբեջանի զինված ուժերը իրականացրել են Արցախում, նաև այն բանի հետևանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից` չնայած մեր բազմաթիվ կոչերին, չնայած մեր բազմաթիվ հրավերներին ու զգուշացումներին։ Քաղաքական որևէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Այս պրակտիկան խարխլում է նաև մարդու իրավունքների համակարգը, այս պրակտիկան նաև վնասակար է այդ կազմակերպությունների միջազգային հեղինակության համար։ Այստեղ հարցը ինստիտուցիոնալ է։ Ակնհայտ է, որ մեր հասարակությունում կա արդեն կամ ձևավորվում են տպավորություններ, որ միջազգային կազմակերպությունների կողմից այդ խտրական, անարդար մոտեցումներն են ցուցաբերվում։ Չճանաչված պետություններում էլ կան կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, և նրանք որևէ անգամ չպետք է դուրս լինեն միջազգային մարմիններին հասանելիության ու պաշտպանության իրավունքից»։

Հայաստանը շարունակում է համբերատար աշխատել միջազգային տարբեր կառույցների հետ՝ ներկայացնելով հակառակորդի կողմից խախտումների օր օրի ավելացող փաստերը։ Հայկական կողմի համար կարևոր է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները իրենք գան և այցելեն Արցախ՝ տեղում սեփական աչքով տեսնելու և գնահատելու կատարվածը և կատարվողը։

«Եթե պետք է գան մեզանից իմանան՝ դրա կարիքը չկա։ Մենք իրենց ամեն ինչ փոխանցում ենք։ Իրենք եթե գալու են, պետք է գնան Արցախ, պետք է գնան այնտեղ տեսնեն` ինչ է կատարվում։ Կարևոր է, որպեսզի ունենաք հատուկ աշխատանքային խումբ Արցախում՝ օբյեկտիվ, անաչառ միջազգային խումբ, որ գա, այցելի, գնահատի, տեսնի՝ ինչ է կատարվում»։

Միջազգային կառույցների հետ աշխատելու ընթացքում կարևոր է տարանջատել սպասելիքները՝ որ կազմակերպությունից ինչ ենք ակնկալում։ Ըստ օմբուդսմենի՝ դա կօգնի ճիշտ կողմնորոշվել և ճիշտ աշխատել։

«Այսօր մի քանի միջազգային կազմակերպությունում մեր դիմումի հիման վրա պաշտոնապես հարուցված են վարույթներ ահաբեկիչների թեմայով։ Մենք շարունակում ենք  աշխատել, ապացույցներ ներկայացնել։ Դրանք, գլխավորապես, փակ պրոցեսներ են։ Ես ընդամենը այս տեղեկությունը կարող եմ տալ։ Կարևորագույն 3 փաստ է, որ առանձնացնում ենք ու այդ ուղղություններով աշխատում ենք։ Առաջինը՝ ամեն անգամ հաստատվում է այն փաստը, որ Արցախի դեմ զինված հարձակումներում օգտագործվող ահաբեկիչներ կան, երկրորդը՝ նրանք կատարում են դաժանություններ ու պատերազմական հանցագործություններ, և երրորդը, որ նրանք իրենց տեսանյութերում նշում են, որ շարունակելու են իրենց ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս»։

Ունեցած փաստերի համադրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս արդեն խոսել թշնամու կողմից էթնիկ զտում իրականացնելու մտադրությունների մասին։

Միջազգային տարբեր արձագանքներ կան Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ առանձնացնում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Հաստատում է, որ ոչ բոլոր կառույցների գնահատականն է, որ գոհացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, արվում է ամենը քաղաքական լուծում գտնելու համար, բայց փոխարտգործնախարարը կարևորում է ևս մեկ գործոն․

«Ես մի բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ, 90-ականներին վիճակը շատ ավելի ծանր էր։ Ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի՝ դատապարտված է։ Ցավալի է, բայց մենք պատերազմի մեջ ենք։ Ավելին՝ Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է այն մասին, որ խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը։ Այդ տեսակետից մենք պետք է չնայենք աջ–ձախ, այլ պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կազմակերպությունները։ Դիվանագետները միշտ պետք է գործեն, բայց հաղթանակը այնպիսի հնարավորություն է տալիս դիվանագետին՝ անհամեմատ ավելի բարձր, քան եթե այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ»։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ այսօրվա դրությամբ  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի, այլ պահպանվի հրադադարը։

Առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ էին Ռուսաստանը և Ֆրանսիան: Հրադադարի հայտարարման փորձը երկրորդ անգամ ֆրանսիական կողմի ջանքերով էր: Արտգործնախարարների հետ առանձին–առանձին հանդիպումներով այդ աշխատանքներին է այժմ միանում նաև ամերիկյան կողմը։ Սա նշանակում է, որ երեք համանախագահներն էլ միավորվել են մի նպատակի շուրջ։

Back to top button