ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մեծ ակնկալիքներն իրատեսական չեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում կրկին դռնփակ հանդիպում կանցկացնի ղարաբաղյան խնդրի շուրջ։ Այս անգամ քննարկումը նախաձեռնել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մեծ հույսեր չի կապում այսօր կայանալիք դռնփակ հանդիպման հետ՝ նկատի ունենալով միջազգային կառույցների ոչ լիարժեք և ոչ օբյեկտիվ մոտեցումը հարցին։

«Ինչպես կստացվի այս դեպքում՝ դժվարանում եմ ասել, որովհետև Հայաստանի բավականին ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալել։ Արդյո՞ք  հայկական ջանքերը ի դեմս ադրբեջանա–թուրքական ակտիվ քայլերի արգելքների չեն հանդիպի, դժվար է ասել։ Նրանք  ամեն ինչ անում են, որպեսզի այդ հիբրիդային պատերազմը իրենց օգտին վճռվի»:

Արման Նավասարդյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Նեւադա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօրվա կարճ անդրադարձը հայերին, հնարավոր է, նշանակություն ունենա։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակնկալիք, որ իրավիճակը կարող է մեռյալ կետից շարժվել։ Միաժամանակ հավելում է՝  մենք հասել ենք մի իրավիճակի, երբ դիվանագիտական ջանքերը ստորադասվում են ռազմական գործողություններին։  

Անվտանգության խորհուրդը խնդրին անդրադարձել էր նաև անցած ամսվա վերջին՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսումից մի քանի օր անց, եվրոպական հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Դռնփակ այդ խորհրդակցության ավարտին Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ կառուցողական բանակցությունների։

Back to top button