ԿարևորՄիջազգային

Թրամփը՝ հայկական ոգու, թուրք մտավորականը՝ Արցախի անկախության մասին

Սփյուռքը,  բազմամարդ երթերով, փողոցներ, միջպետական նշանակության մայրուղիներ փակելով,  հաճախ նաև լռության ակցիաներով  չի դադարում աշխարհին հիշեցնել  իր արդարացի պահանջի մասին․ Արցախը Հայաստան է․ իսկ մենք հաղթել ու հաղթելու ենք։

Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն: Հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:
Բողոքի ակցիայի մասնակիցների պաստառների վրա «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախին» գրություններն էին:

Օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելեսում, ամերիկահայերը նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ  հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում` մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով այդտեղ ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու:

Հայերը Եվրոպայում փակում են մայրուղիներ, Վաշինգտոնում՝ Կոնգրեսի մուտքը

Ամերիկահայերը պաստառներ են պարզել` փորձելով ուշադրություն հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա և պահանջելով դադարեցնել ֆինանսական աջակցությունն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին։

Իսկ արդեն Նևադա նահանգի Քերսոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև` հիանալի գործարարներ են,։ Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

●Փակ փողոցներով, կոչերով ու լռությամբ․ Սփյուրքի բողոքը շարունակվում է

«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրթեմը, որն ազգությամբ թուրք է և ներկայում բնակվում է Գերմանիայում, Շտուտգարտում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած ցույցին, որի ընթացքում հանդես է եկել հայերի երկրորդ ցեղասպանություն կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։ Մտավորականն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Էրթեմը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝  կիրառելով Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքած ջիհադիստական ահաբեկչական խմբերի վարձկաններին: Նրա խոսքով՝ հարձակման նպատակը Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերացումը։ 
Մտավորականը խոսել է նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների կոնվենցիաների նորմերին։ Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ զինված ագրեսիան անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում էլ արվեստի թանգարանի մոտ է բողոքի ակցիա  ընթացել: Հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության ակցիային միացել են ինչպես ամերիկահայեր, այնպես էլ ամերիկացիներ: Ցույցի մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Նրանք պաստառներ են պարզել հետևյալ գրություններով. «Արցախը երկիր է, ոչ թե հակամարտություն, ճանաչեք Արցախը», «Պաշտպանեք Արցախը, պաշտպանեք Հայաստանը»: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հիշատակը։ Ամերիկահայերը բողոքի ակցիան ավարտել են հետևյալ կոչով․ «Արցախ Արցախ մինչև վերջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button