ԿարևորՄիջազգային

Փակ փողոցներով, կոչերով ու լռությամբ․ Սփյուրքի բողոքը շարունակվում է

Արցախում չդադարող պատերազմական գործողությունները շարունակում են միավորել հայկական Սփյուռքը։ Ավելի քան երբևէ այսօր աշխարհի տարբեր անկյուններում լսվում է հայի բողոքը․ մոլորակի մի կետում փակ փողոցներով ու կամուրջներով, մյուսում՝ բացականչություններով ու երգով, երրորդում՝ նույնիսկ լռությամբ։

Ավստրալիական մայրցամաքում՝ Սիդնեյ քաղաքում, հայերը կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը՝ ի նշան իրենց բողոքի։ Ավստրալիահայերին բարկացրել է երկրի իշխանությունների լռությունը թուրք– ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ։

Իսկ արդեն եվրոպական մայրցամաքում հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմի՛ր ճշմարտությունը»։ Բրիտանահայերը պարզել էին COVID 19 TURKEY 20 գրությամբ պաստառներ։ Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ն պետք է դադարի թաքցնել այն:

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում էլ հայերը բողոքի ակցիա են անցկացրել` Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների, ինչպես նաև Արցախի ճանաչման կոչով:

«Մեր պայքարն արդար է և հաղթանակն անկասկած, մենք կռվում ենք և պաշտպանում ենք մեր տեսակը, մենք կռվում ենք մեր արժեքների համար: Արցախը տարածք չէ, այնտեղ պատահական մարդիկ, քոչվորներ չեն ապրում, այնտեղ կա քաղաքակրթություն և համաշխարհային ժառանգություն: Հիմա մեզ չի վախեցնում, ո΄չ մի Էդողան, ո΄չ մի Ալիև, ո΄չ մի ահաբեկիչ, ո΄չ մի վարձկան»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Արցախի զոհված հայորդիների հիշատակը:

Եվրոպայի մյուս անկյունում էլ հայերի պայքարը լուռ էր։ Պրահայում՝ Կառլի 547 մետր երկարություն ունեցող  կամուրջի ամբողջ երկայնքով, պահպանելով սոցիալական հեռավորությունը,  Չեխիայի հայերը լուռ պարզել են «Թուրքիան ահաբեկչության հովանավոր է», «Մենք փորձում ենք փոխել աշխարհը», «Կանգնեցրեք Արցախում Հայերի ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանք այդ երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի եւ Թուրքիայի  նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:

●Հայերը Եվրոպայում փակում են մայրուղիներ, Վաշինգտոնում՝ Կոնգրեսի մուտքը

Այսօր Փարիզում ևս բազմամարդ բողոքի ակցիա է տեղի ունեցել մայրաքաղաք փարիզում։ Ֆրանսիահայերը պահանջում են դատապարտել թուրք– ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի ակախությունը։ Ցույցի մասնակիցները վստահ են, որ սփյուրքը երբեք այսքան միասնական չի եղել, ինչքան այսօր է։ Նրանք ասում էին, որ միշտ Արցախի և Հայաստանի կողքին են։ Հարյուրավոր Ֆրանսիահայեր պահանջում էին ֆրանսիային գործել․ նրանք զարմանում են  ինչպես է այս անգործությունից հետո իրենց արտաքին գործերի նախարարը նայելու իրենց՝ հայերի աչքերի մեջ։

Իսկ հանրահայտ System of a Down խմբի անդամներ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը իրենց ստորագրությամբ շապիկներ են վաճառել Գլենդելի Սուրբ Լեոն տաճարի բակում: Իրենց սիրելի ռոք երաժիշտների հետ հանդիպմանը մասնակցել են հարյուրավոր երկրպագուներ։ Նրանց գնված շապիկների գումարը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:

Շավո Օդաջյանն այսօր երկրպագուներին իր շնորհակալությունն է հայտնել միջոցառմանը ներկա գտնվելու և այդ կերպ արցախահայությանը սատարելու համար:

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն գտան ու միացան մեզ երեկ: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք ձեզ հետ միասին: Այն սերը, ոգին ու միասնությունը, որը ես զգացի, աննկարագրելի էր: Իսկ եթե կան ցանկացողներ, որոնք երեկ չկարողացան մեզ միանալ, կարող են իրենց շապիկը պատվիրել silenceisgenocide.com կայքից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա` օգտագործելով նաև «Լռությունը ցեղասպանություն է», «Ուժեղ Արցախ» և «Խաղաղություն հայերին» հեշթեգերը:

Ցուցադրել ավելի
Back to top button