ԿարևորՀասարակություն

36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր․ ԱՀ ՄԻՊ-ը

Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր․ Արցախ տեղեկատվական շտաբում ասել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«36 քաղաքացիական զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային, դիտավորյալ թիրախավորման հետևանքով»,- ասել է Արտակ Բեգլարյանը։

Ըստ Բեգլարյանի՝ հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները՝ սխալանքի հավանականությունը շատ քիչ է, և եզրակացնում ենք, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։

ԱՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ են ներկայացրել, այդ թվում՝ փակ զեկույց՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ անմարդկային վերաբերմունքի մասին։

Խոսելով նյութական վնասների մասին, Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի հասցրած նյութական վնասները՝

  • 7800 անշարժ գույք,
  • 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ,
  • 720-ից ավելի անշարժ գույք, մասնավորապես՝ մեքենա

ԱՀ ՄԻ պաշտպանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի հայտարարումից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով առնվազն 8 քաղաքացիական անձ է սպանվել։

Երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորվել, 3-ը՝ Շոշ գյուղում, 3-ը՝ Ստեփանակերտում։ Երկու բնակավայրում էլ ակնհայտորեն թիրախավորվել են բացառապես բնակավայրերի բնակելի հատվածները։

Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից դիտավորյալ թիրախային և չտարբերակված հարձակման են ենթարկվել նաև գործարաններ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերից սկսել ենք տեղեկություններ ստանալ հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- նշել է Բեգլարյանը։

Հայ ռազմագերիների պատժի սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ամբողջությամբ ապացուցել է, որ տեսանյութն իրական է՝ հակառակ Ադրբեջանի ԶՈՒ հերքման, հայտնել է Բեգլարյանն ու նշել, որ սա պետք է դատապարտվի իրավապաշտպան համայնքի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button