ԿարևորՀասարակություն

Նորավանի դպրոցականներն աջակցում են բանակին

«Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի նոր ձևաչափ է ընտրել Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտական խորհուրդը: Արմավիր քաղաքում և իրենց համայնքում նրանք դիմակներ են առաջարկում անցորդներին և հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 2 օրվա ընթացքում նրանք հավաքել են ավելի քան  կես միլիոն դրամ:

 «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր, օգնիր զինվորին» կարգախոսով Նորավան համայնքի դպրոցականները պայքարի նոր ձև են ընտրել միանգամից 2 ճակատում՝  դիմակներ են վաճառում և հասույթն ուղարկում բանակին:  Արդեն 3 օր նրանց կարելի է տեսնել Արմավիր քաղաքի ամենամարդաշատ փողոցներում, արկղը գրկած անցորդներին առաջարկում են գնել դիմակ, պաշտպանվել կորոնավիրուսից, կանխել տարածումն ու օգնել Արցախին:

«Մեր դպրոցի աշակերտական խորհրդի անդամներով որոշել ենք ակցիա անել, օգնել բանակին: Խմբերի ենք բաժանվել և այդ խմբերի միջոցով գումար ենք հավաքում՝ անցորդներին բաժանելով դիմակ, կանխում ենք կորոնավիրուսի զարգացումը և օգնում ենք բանակին»:

«Դիմակ ենք վաճառում անցորդներին, ովքեր ինչքան հնարավորություն ունեն,  տրամադրում են, գումարն ուղարկելու ենք ֆոնդին»:

Աշակերտական խորհուրդի որոշմամբ իրականացվող ակցիան չի ավարտվում միայն դրամահավաքությամբ: Նրանց միացել են նաև կամավորները,   մի ուրիշ տուփում  զինվորի համար քաղցրավենիք են հավաքում.

«Քացրավենիք ենք ուղարկում սահման, գիտեմ, որ զինվորները սնիկերս շատ են սիրում, սնիկերսի միջոցով փոխանցեցինք մեր սերն ու ջերմությունը»:

Հավաքված շոկոլադների վրա երեխաները ոգևորիչ գրառումներ են թողնում, որոնք կախարդական ուժ ունեն, համոզված են, որ այն անպայման փոխանցվելու է զինվորին, կարդալու են, ուրախանան ու ոգևորված պաշտպանեն մեր հայրենիքը:

«Գրազի շոկոլադներն են, գրազ ենք եկել, որ անպայման հաղթելու ենք, միայն հաղթանակ»

«Մեր քաջ տղաներ, մենք ձեզ հետ ենք, անփորձանք շուտ վերադարձեք: Դուխով, հաղթելու ենք»

«Էն մեկը պահիր, որ բերես ինձ տաս»:

Գրազի շոկոլադներով էլ հավաստիացնում են, որ պայմանը՝ պայման է, անպայման վերադառնալու են հաղթանակած:

Դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող ակցիայից հավաքված գումարը նույն  օրը մուտքագրվում է Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին.

«Մենք մեր դպրոցի տնօրինության հետ որոշ աշակերտներով մտնում ենք բանկ, մեր աչքի առաջ մուծում են կատարում և տվյալ չեկը պահվում է դպրոցում, դրվում դպրոցի ֆեյսբուքյան էջում»:

Երկու օրվա ընթաքում  Նորավանի դպրոցականնները հավաքել են  518 հազար դրամ: Ակցիան շարունակում են և այսօր առավոտից նրանք դարձյալ գործի են անցել, կօգնեն ինչքան կարող են, բայց անհամբեր սպասում են խաղաղության հաստատմանը:

Հաղթելու ենք:

Back to top button