ԿարևորՀասարակություն

Գյումրու հրթիռաշինության խմբակն ԱԹՍ-ի մասնագետներ է պատրաստում

Մարդը, որ թռչել չգիտի, թռչել է սովորեցրել մետաղին։ Հետո սովորեցրեց ճանաչել իր նմանին ու պահանջեց սպանել․ մեկ հարվածով, միանգամից, հազարին։ Պատերազմի առաջին օրվանից չկա օր, որ չլսենք՝ «Խոցվել է հակառակոդի ԱԹՍ-ը», այնքան հաճախ, որ մի պահ անգամ հաշվելն էր բարդացել։

Թշնամու ԱԹՍ-ն ոչ միայն խոցվում է, այլև խոցում։ Խոցվելուց պաշտպանվելու համար պետք է հասկանալ՝ ինչպես է այն գործում։ Այս հարցի պատասխանը գիտի Գյումրու հրթիռաշինության խմբակի հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը։ Պատերազմից մի քանի օր անց սկսեց անվճար սովորեցնել՝ ինչպես մոդելավորել, պատրաստել ու կառավարել ԱԹՍ-ներ։ 

«Աղջիներ էլ կան, տղաներ էլ կան, 20–35 տարիքի ենք նշել, բայց ավելի մեծ տարիքի էլ կան, փոքրերն էլ են դիմում, բայց հիմա նախապատվությունը տալիս ենք նրանց, ով որ ոլորտից որոշակի տեղեկություններ ունի, հմտություններ ունի»:

100 մարդը, որ նախնական ծրագրով պետք է անցներ դասընթացը շատ արագ վերածվեց 1500-ի, 1500 գրանցվողներից ձևավորվելու է սովորողների 2-րդ խումբը, իսկ արդյունքում․

«20-25 օրում կունենանք մարդիկ, որոնք կկարողանան անմիջական ղեկավարմամբ ու ավտոմատ ղեկավարմամբ թռչող սարքեր կառավարել։ Մենք չէինք նախատեսել, որ իրենք բոլորը գնալու են, էն սկզբի ուսանողների համար, բայց հիմա, եթե նոր խումբ ենք հավաքում, այսինքն՝ էսօր հստակ կլինի արդեն կընտրենք այդ 1500 հոգուց մարդկանց։ Իրենք արդեն հենց դրա համար կպատրաստվեն»։

Առաջին դիմողներից մեկը Շիրակի պետական համալսարանի քոլեջի դասախոս, մասնագիտությամբ տնտեսագետ Տարոնն է: Արդեն 17 օր է, ինչ լսարանում դասախոս է, լսարանից դուրս՝ աշակերտ:

«Արդեն հասցրել եմ բավականին հմտանալ կառավարման մասով, էստեղ սիմուլյատոր ունենք հատուկ, որով թռիչքներ ենք իրականացնում նախահամակարգչային ծրագրով, այսինքն՝ սովորում ենք թռցնել, կոնկրետ վարժություններ ենք իրականացնում, վայրէջք»։

ԱԹՍ կառավարողն ու ԱԹՍ մոդելավորողը տարբեր մասնագիտություններ են, հիմա երկուսը մեկում է միավորվել․ դասընթացի մասնակիցները տիրապետելու են թե՛ մեկին, թե՛ մյուսին։

«Գաղտնիք չէ, որ 21–րդ դարի գոնե մեր ժամանակների պատերազմները լայնորեն ոչ հետևակային են։ Ճիշտ է հետևակը էսպես, թե էնպես գալու է, իր գործը անելու է, բայց նախքան հետևակը տանկերն արդեն ի զորու չեն որևէ խնդիր լուծելու։ Վառ ապացույցը նա է, որ մեր բանակը արդեն բավականին մեծ թվով ծանր տեխնիկա է ոչնչացրել ու ոչնչացրել է զուտ գրագետ գործողությունների հաշվին, տեխնիկայի ճիշտ կիրառության հաշվին»։

Դասընթացի երրորդ՝ դաշտային փուլում քննություն են բռնելու մինչ այս պահը մասնակիցների ստեղծած ԱԹՍ-ներն ու սովորած հմտություները:

«Դաշտային պարապմունքները հենց այստեղ իրենք, տաս օրվա ընթացքում, քսան հատ նախաձեռնել են, պատրաստում են։ Էդ քսան հատը նախատեսած է դաշտային պարապմունքներում արդեն անմիջական կառավարումով առանց ավտոպիլոտի, հետո էլ, որ դա ստացվեց մոտները արդեն ավտոպիլոտով կոնկրետ խնդիրներ իրականացնել, բայց հիմա դա ոնց որ երկարաժամկետ ծրագրով էլի, 20–25 օրվա համար, հիմա փորձում ենք ինչ–որ բան անել 10 օրվա կտրվածքով»։

 «Բնականաբար, եթե դաշտային պարապմունքների համար որոշակի մոդելներ պետք կգան ու համոզված եմ, որ մենք շատ մոդելներ վնասելու ենք, ջարդելու ենք։ Ավելի լավ է, որ մենք էս պահին պատրաստենք, որը էս պահին ընթացքում է էլի, մի քանի մոդել պատրաստում ենք էս պահին, որ մենք մեր պատրաստածը վնասենք էլի, չլինի, որ խմբակի պատրաստածն է, կամ ինչ–որ մեկից ձեռքբերվածքն է էլի»։

Լուսանկարները՝ Twitter-ի

Պատերազմից ի վեր խոցվել է հակառակորդի մոտ 190 ԱԹՍ, դասընթացից հետո խոցողների թիվն ավելանալու է, այս թիվն էլ վստահաբար նույնը չի մնալու, որովհետև ապրելու բնազդը հուշում է՝ պաշտպանվել հարձակվողից, տրամաբանությունը թելադրում՝ կա՛մ դու, կա՛մ նա։

Ցուցադրել ավելի
Back to top button