ԿարևորՀասարակություն

Ռազմական հանցագործ Ադրբեջանը․ գնդակահարման տեսանյութի վերացումն այլևս չի փրկի

Երեկվանից համացանցը ցանցել է մի տեսանյութ, որում ներկայացվում էր, թե ինչպես են գնդակահարվում հայազգի երկու գերի։ Ադրբեջանցիները սկզբից միմյանց էին ուղարկում, հետո արդեն համացանցում հրճվանքով տարածում էին հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը։ Մի քանի ժամ անց, երբ զգացին, որ տեսանյութը գործելու է իրենց իսկ դեմ, ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ջնջել այն։ Այդ երկրի ռազմական գերատեսչությունը շտապեց հայտարարել, որ այդ տեսանյութն իրենց հետ որևէ առնչություն չունի։

Ադրբեջանի կոնկրետ այս ու նաև այլ ռազմական հանցագործությունների փաստերը Հայաստանի կողմից ամենօրյա ռեժիմով ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ահասարսուռ տեսանյութի վերացումն այլևս չի փրկի Ադրբեջանին միջազգային խայտառակությունից։ Համանացնում մի քանի ժամ ադրբեջանցիների «հրճվանքը» բավարար էր, որպեսզի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ մինչև փաստերի վերացնելը, հասցներ եղած երկու տեսանյութերն ու լուսանկարները պահել և թարգմանել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելու համար։

Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Գևորգյանը «Ռադիոլուր»–ին փոխանցեց, որ կա բավարար ապացուցողական հիմք ենթադրաբար հայ գերիների գնդակահարման գործը Եվրոպական դատարանին ներկայացնելու և կոնկրետ նպատակների հասնելու համար։

«Իրականում, բոլոր փորձերը ջնջելու և վերացնելու այդ տեղեկատվությունը, ձայնագրությունը` համացանցից կամ այլ աղբյուրներից, արդեն որևէ արդյունք չենք կարող տալ, որովհետև փաստացի արձանագրված հանգամանք է և ամբողջ աշխարհում արդեն դիտված, կարելի է ասել։ Ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, ակնհայտորեն մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է, ակնհայտորեն կյանքի իրավունքի ոտնձգություն է և ոտնահարում է։ Գրեթե 100% հավանականությամբ համոզված եմ, որ Եվրոպական դատարանը ժամանակի ընթացքում դրան պատշաճ գնահատականը կտա»։

Արցախի գլխավոր դատախազության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձն էլ Հադրութ քաղաքի բնակիչներ էին՝ 25 և 73 տարեկան։ Սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Դեռ հոկտեմբերի 12–ին Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում էր Ադրբեջանի կողմից հնարավոր վայրագությունների հավանականության վրա։

 «Միջազգային հանրության պատասխանատվությունն է նաև բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգություններն ու վայրագությունները և, եթե արձանագրվեն նմանատիպ դեպքեր, ապա համապատասխան պատիժ  սահմանվի նաև միջազգային հանրության կողմից։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բավականին շատ նմանատիպ դեպքեր արձանագրվել են և 90%–ից ավելի դեպքերում, երբ Արցախի հանրապետության բնակիչները կամ զինծառայողները կամ նրանց մարմինները ընկել են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկության տարածքներում, այդ մարմինները կամ ողջ մնացած անձինք խոշտանգվել են, դիակապտությունների են ենթարկվել և մի շարք այլ վայրագությունների։ Հետևաբար, ռիսկը շատ մեծ է, նաև հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերը Ադրբեջանում և հանրության կողմից, և իշխանությունների կողմից ողջունվել ու հերոսացվել են, ինչն արդեն նշանակում է, որ պարարտ հող կա հետագա վայրագությունների համար»։

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայից բացի կան նաև այլ միջազգային նորմեր, որոնք Ադրբեջանն արդեն խախտել է իր ռազմա-ահաբեկչական գործողություններով․ խաղաղ բնակչության հանդեպ կասետային ռումբերի կիրառում, հոսպիտալի ու եկեղեցու թիրախավորում։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դրսևորումներից մեկի մասին դեռ սեպտեմբերի 30–ին խոսել էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը․   

 «Հիմնականում բոլոր այն դիակները ադրբեջանցի զինվորների, որոնք հայտնվել են մեր տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը  պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում և սա միանշանակ ռազմական հանցագործություն է»։     

Հայկական կողմն այս պահին զբաղվում է ևս երկու հայ զինծառայողի գործով։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։ Այս գործով դեռ նոր զարգացումներ չկան։

Ինչ ժամկետներում և ինչ կարելի է ակնկալել միջազգային իրավական գնահատականներից՝  հարցին փաստաբան Լևոն Գևորգյանը պատասխանում է․

 «Ապացուցողական նյութերը, որքան ես եմ տեղյակ, ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ուղարկում է ամեն օր։ Դրանից զատ նաև մինչև տարվա վերջ ներկայացվելու է ամբողջական հայցադիմումը։ Ամենայն հավանականությամբ, ես կարծում եմ, դատարանն այս խնդրին կտա հրատապություն և կքննի հրատապ կարգով, ամենայն հավանականությամբ մեծ պալատի կազմով և, ամենայն հավանականությամբ, նաև հանրային լսումների ճանապարհով։ Եվ եթե դա իրականացվեց արագացված ընթացակարգով, մենք կակնկալենք վճիռ` կարծում եմ 2–3 տարիներ ընթացքում։ Այս անգամ արդեն իսկ կարևոր քայլ է, որ անհատական գանգատներից մեր պետությունը քաղաքական կամք է դրսևորել և անցել է միջպետական վարույթի հարթակ, որովհետև, կարծում եմ, հենց այդ ճանապարհով հնարավոր կլինի իրավիճակ փոխել երկարաժամկետ կտրվածքով։ Մեր առաջնահերթ խնդիրը այստեղ պետք է լինի այն, որպեսզի Ադրբեջանի գործող ռեժիմը միջազգային դատական ատյանի կողմից արժանանա պատշաճ գնահատականի։ Դատական ակտերը նաև կարձանագրեն այն, որ ադրբեջանական կառավարության կողմից իրականացվում են ռազմական հանցագործություններ և այդ ռազմական հանցագործությունների ճանապարհով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է խախտվում, որ Ադրբեջանը ռասիստական ռեժիմ է ղեկավարում այս պահին։ Բոլոր այս խախտումների արձանագրումը, կարծում եմ, էական դեր պետք է խաղան համաշխարհային ընկալումը արցախյան հակամարտության կոտրելու և փոխելու նպատակով, որպեսզի միջազգային հանրությունը սկսի գիտակցել, թե իրականում ինչ է տեղի ունենում այստեղ»։

Արագ որոշումներն ու դիրքորոշումները՝ արտաքին քաղաքականության խնդիրներ են, ասում է փաստաբանը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից նշված 2–3 տարին ողջամիտ ժամկետ է համարում։

Գործած ռազմական հանցագործությունների համար Ալիևին պատասխանատվության կանչելու կողմնակիցներ կան նաև օտարերկրյա փաստաբանների մեջ։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև` 6-րդ հոդվածով` ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով»․ այս գրառման հեղինակը  ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն է։ Հոկտեմբերի 3–ին նա թվիթերում այդպիսի գրառում էր արել՝ հիշեցելով, որ ԼՂ-ն իր անկախությունը հայտարարել է 1991 թ. դեկտեմբերին` արդի միջազգային իրավունքին համապատասխանող հռչակագրով: 

Back to top button