ԿարևորՔաղաքական

Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանի ԱԳ նախարար

Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով՝ այս մասին Երեւանում այսօր հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Նա Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։ Հունաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։ ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով նաեւ Արցախի դեմ ադրբեջանաթուրքահաբեկչական ագրեսիային։

Հայաստանը բարձր է գնահատում այն ընկալումը, որ ձեւավորվել է գործընկերների եւ միջազգային հանրության մոտ։ Անհնար է թաքցնել այն, ինչն իրողություն է՝ ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը.

«Սա իրականացված ագրեսիա է մեր հայրենակիցների նկատմամբ՝ Արցախի բնակչության նկատմամբ։ Ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ այս երկու նոր հանգամանքները՝ Թուրքիայի գործոնն ու միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը նաեւ Բաքվում. իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումը այս հարցում։ Դա, բնականաբար, վտանգավոր է ու միեւնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետեւանքները»։

Զոհրապ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի համար հարցը եղել եւ մնում է հստակ.  Արցախում գոյութենական պայքար է եւ Արցախի ժողովուրդը պաշտպանում է իրեն՝ Հայաստանի միակ երաշխավորությամբ ու ինքնորոշման իրավունքն առաջնային խնդիրն է եւ առաջնային պաշտպանության միջոցը։ Մնացականյանն ասաց, որ հայկական կողմը հավատարիմ է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնագրին եւ  շարունակում է պնդել, որ ուժի միջոցով հիմնախնդիրը չի կարող ունենալ  հանգուցալուծում։

«Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը առաջնային գերակա խնդիրն է։ Սա, ամենից բացի, նաեւ պաշտպանության միջոց է։ Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ եւ միջազգային հանրության հետ, ներառյալ՝ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագայության շրջանակներում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դերակատարությամբ։ Մեր բոլոր բարեկամների հետ էլ ավելի ուժեղացնենք քաղաքական եւ դիվանագիտական անհրաժեշտ գործիքների կիրառումը՝ հասնելու ԼՂ հիմնախնդրի արդար եւ խաղաղ հանգուցալուծմանը»։  

Աթենքը ուշադիր հետեւում  է զարգացումներին։ Մենք ողջունում ենք Մոսկվայի միջնորդությամբ պայմանավորված զինադադարը։ Մեզ շատ մտահոգում է այդ զինադադարի խախտումները՝  համատեղ ասուլիսում հայտարարեց Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը։ Հրադադարը պետք է խստիվ հարգվի՝ ասաց։ Հունաստանի արտգործնախարարի խոսքից մի հատված մեջբերենք՝ համընթաց թարգմանությամբ։

«Մենք համարում ենք, որ տեւական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա»։

Հունաստանը եւս շատ լուրջ անվտանգության մարտահրավերների է բախվում անմիջական հարեւանությամբ, բայց փորձում է գտնել դիվանագիտական լուծումներ հանուն խաղաղության՝ ասաց Հունաստանի արտգործնախարարը։ Նա կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակում մտցնի նրանց միջեւ, ովքեր յուղ են լցնում կրակի վրա եւ նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում եւ մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ։ Բացարձակապես հստակ է նաեւ, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը՝ շեշտեց Նիկոս Դենդիասը։ Եւս մեկ մեջբերում նրա խոսքից՝ համընթաց թարգմանությամբ։ 

«Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է իրականում։ Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում։ Հունաստանն այս կապակցությամբ ձայնը բարձրացրել է ի սկզբանե։ Մենք առաջինը պահանջեցինք ԵՄ արձագանքը այս կոնֆլիկտի բոցավառմանը՝ կոչ անելով անմիջական զինադադարի եւ խաղաղ լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։  

Հունաստանը նաեւ կոչ արեց ԵՄ-ին՝ դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը։ Հունաստանը առաջիններից էր, որ միջազգային հարթակներում հերքեց Բաքվի ստահոդ պնդումները՝ հակամարտությունում իբր հայկական կողմից ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ։ Հունաստանը նաեւ հետ կանչեց Բաքվի իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Կեղծիքների ու ստերի հանդեպ որեւէ հանդուրժողականություն չի լինելու, որոնք նաեւ տեղ են գտել այլ հարեւան երկրների վարքագծում՝ շեշտեց Հունաստանի արտգործնախարարը՝ ակնհայտորեն ակնարկելով Թուրքիայի վարքագիծը։ Սիիայում, Իրաքում, Լիբիայում,  Կիպրոսում, արեւելյան միջերկրականում ապօրինի գործողությունների հարցում բոլորն էլ ունեն քաջ հայտնի ընդհանուր հայտարար եւ դա Թուրքիան է՝ շեշտեց Նիկոս Դենդիասը։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները գնահատում է ինչպես Հունաստանի կառավարությունը, այնպես էլ ժողովուրդը՝ նշեց նա, ապա տեղեկացրեց, որ այդ խնդիրներն այսօր եւս մեկ անգամ Հունաստանի վարչապետը կարծարծի Եվրոպական խորհրդում։ Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե  հայտարարություններով՝ եզրափակեց Նիկոս Դենդիասը։  

Back to top button