ԿարևորՀասարակություն

Անձրևապաշտպաններ՝ թատերականից, կիբերբանակ՝ «Լոֆթ»–ից․ ամեն ինչ զինվորի համար

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը սեպտեմբերյան պատերազմին թիկունքից է մասնակցում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Միքայելին ապրիլին անձրևապաշտպան թիկնոցներ էին բաժանել, իսկ հիմա բաժանելու հերթն իրենն է։ Ընկերուհու՝ Լիլիթի հետ լսարանը վերածեցին արտադրամասի ու գործի դրեցին համակուսեցիների ու բուհի ներուժը։

«Մենք ինտերնետով ինչ–որ օրինակներ նայեցինք, ընտրեցինք ոսկե միջինը  ու սկսեցինք  աշխատել։ Առաջին օրը միայն ես ու ինքն ենք արել, ընդհամենը՝ 23 հատ, հետո հաջորդ օրվանից մեզ միացել են համակուրսեցիները ու արդեն գնալով քանակը մեծացել է։ Հետո հասկացանք, որ մեզ կամավորներ են պետք, որ ավելի մեծ քանակով անենք»։

Երկու շաբաթվա ընթացքում կրկնապատկվեց թիկնոցների քանակն ու կամավորների բանակը։ Նախաձեռնությունը համաուսանողականից դարձավ համահայկական, բուհի լսարաններն ու միջանցքները լցվեցին բանող ձեռքերով։

 «Օրական 60–ից 80 կամավոր է այցելում մեզ, տարբեր–տարբեր բուհերից, տնային տնտեսուհիներ, մայրեր, շատերը վերցնում են, տանում են տունն են աշխատում, բերում են, ում՝ ոնց հարմար է, փորձում ենք մենք հարմարեցնել։ Մենք արդեն շուրջ մեկ միլիոն դրամի հումք ենք առել, 3000 հատ դոժդևիկ ենք արդեն կարել, բայց վերջին երեք օրերին արդեն հումքի խնդիր ենք ունենում, գործը կանգնում է այն պատճառով, որ անընդհատ հումքի պակաս է լինում»։

«Լոֆթ» կենտրոնի այցելուների գումարը նախ հայտնվում է մուտքի դրամարկղի մեջ, իսկ հետո հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցվում։ Կազմակերպվող միջոցառումների թեմատիկ առանցքն էլ դարձյալ պատերազմն է․առաջին բուժօգնությունից սկսած մինչև տեղեկատվական պայքար։

 «Մեր կամավորները մասնագետների կողմից ուղղորդված սոցիալական ցանցերում այլ նաև ամբողջ օնլայն հարթակում կարողանում են տարածել ճշգրիտ ինֆորմացիա տիրող իրավիճակի մասին Հայաստանում և Արցախի պատերազմի մասին։ Մենք գիտենք, որ 21–րդ դարում կարևոր նաև որոշիչ դեր են խաղում հենց օնլայն հարթակում տարվող պատերազմները և հուրախություն մեզ ոչ միայն  «Լոֆթի» կիբերբանակը, նաև ընդհանրապես մեր երիտասարդությունը մեծ ձեռքբերումներ ունի այդ ոլորտում»։

«Լոֆթ» կենտրոնի ստեղծագործական ղեկավարն է՝ Ալեքս Միրզոյանը։Նրա խոսքով առաջին բուժօգնության դասընթացի մուտքը դեղորայքով էր, ելքը՝ գիտելիքներով։ Միջոցառումների ամբողջ հասույթը փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Կին ձեռներեցների հայկական արտադրանքի բարեգործական վաճառքի հասույթը կազմեց 1 միլիոն 700 հազար դրամ, որին հաջորդեց արվեստի գործերի և գրականության ոլորտում տպագրված գրքերի վաճառքը․

«Ի հաջողություն մեզ, մենք ունենք մեկ մեծ գնում, դա Արթուր Հովհաննիսյանի կտավներից մեկն է, որը գնեցին մեզ մոտ և դա նույնպես կազմեց բավականին մեծ գումար` մոտ մեկ միլիոն դրամ, որը նույնպես փոխանցվել է համահայկական հիմնադրամ։ Այսինքն՝ շարունակվում է ամեն տարբերակով ներգրավվել տարբեր մարդկանց և տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք ինչ- որ տարբերակով ցանկություն են հայտնում օգնել»։

Ռազմական դրությունը թելադրում է ապրելու իր կանոնները։ Տարբեր հաստատություններ ու ձեռներեցներ իրենց միջոցները սկսել են օգտագործել ամեն ինչ սահմանի ու զինվորի համար սկզբունքով։

Back to top button