ԿարևորՀասարակություն

Որ զինվորի ոտքերը չմրսեն. հայրենասեր տատիկը սպասում է թելերի հաջորդ խմբաքանակին

Համացանցում տարածվել էին  զինվորի համար գուլպա գործող 90–ամյա Բուրաստան տատիկի նկարները։ Հայրենական, արցախյան պատերազմներ տեսած Բուրաստան տատն այսօր էլ  անհանգիստ է արցախյան ռազմաճակատից եկող լուրերից։  Երկու մեծ պատերազմներ, սով, հարազատների կորուստներ տեսած 90 –ամյա տատի համար այս պատերազմն ավելի ծանր է՝ թուրքի մատն է խառը։

«Ամեն օր լուրերը լսում եմ ու ցավում։ Գլուխս ցավելով գնում եմ պառկում։ Բայց դե ինչ կարող եմ անել, իմ օգնությունն էս ա» ։

Հեռուստացույցը րոպե անգամ չի անջատվում։ Հա՛մ ամենժամյա լուրերն է լսում, հա՛մ էլ  ձեռքի տակ եղած թելերով ռազմաճակատի տղաների  համար գուլպա գործում։ Մայրական  սիրտը սահմանին կանգնած զինվորի  համար էլ է բաբախում։ Տղաները կռվելիս գոնե տաք լինեն, ասում է ու հերթական թելը թելում շյուղերին։ Որոշել է՝ ուժերի եղածին չափով տաք գուլպաները գործել  ու ուղարկել  սահման։  Նույն առաքելությամբ էլ բանակին օգնել է  Հայրենական պատերազմի ժամանակ։

«41 թվին 10 տարեկան էի, պատերազմը սկսվեց։ 11 տարեկանից մնացել եմ մորաքրոջս մոտ և իր հետ գուլպաներ ենք գործել ու բանակ ուղարկել։ Գուլպաներից բացի նաև ձեռնոցներ էլ էինք գործում։ Ինչքան տանը թել ունեինք, գործում էինք, ուղարկում բանակ»։

Թելի ճարը տեսել է, գուլպա գործել ու ուղարկել սահման։ Գուլպաների արանքում էլ  զինվորին ուղղված նամակը դրել։

«Նամակ չէ, մի երկու տող էի գրել բորբոքված։ Հե՜յ ձեզ մատաղ զինվո՛ր տղերք, մի զա՛րկ տվեք թուրքի գանգին, որ խորտակվի նա հիմնովին։ Էդ երկու բառն էի գրել, շատ էի բարկացած, նեղված գրեցի ու ուղարկեցի։ Բրդե թելով եմ գործել։ Հասմիկիս ու իմ ժակետներն եմ քանդել, եղած հավաքածս թելերով եմ գործել ու ուղարկել։  Հասմիկիս խոստացել են թելեր, հենց բերեն, նորից եմ գործելու»։    

Կգործի, բայց միևնույն ժամանակ լիահույս է, որ   այդ գուլպաների անհրաժեշտությունը շուտով  չի լինի։ Լիահույս է, որ կյանքի վերջալույսն անցկացնելու է ազատ ու երջանիկ երկրում։ 90-ամյա արիասիրտ  ու անկոտրում  Բուրաստան տատիկին ավելի է ոգևորում  սահմանին կանգնած  զինվորի մարտական ոգին։ Հայ ժողովուրդը կհաղթի իր միասնականության ու ռազմական փայլուն մտքի շնորհիվ, ասում է։ Հաղթել ենք ու կհաղթենք նաև այս պատերազմը, բռունցքը սեղանին խբելով ասում է Բուրաստան տատիկը։   

Back to top button