ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիներն իրենց դիակները չեն տեղափոխում, իրավիճակը հակասանիտարական է․ Դավիթ Բաբայան

«Իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, սահմանների որոշակի հատվածներում թշնամին  ակտիվ ներթափանցման փորձեր է ձեռնարկում, բայց հետ է շպրտվում»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի արտաքին հարցերով  խորհրդական  Դավիթ  Բաբայանը։

Բաբայանն ասում է, որ  հակառակորդը հերոս տղաների շնորհիվ բազմաթիվ կորուստներ ունի։ Ավելին՝  ադրբեջանցիներն  իրենց դիակները չեն հանում, ինչը լուրջ  սանիտարական վտանգներ  է ստեղծվել։

«Սա արդեն ինչ-որ տեղ համաճարակի բուն է դարձել։ Եվ դա ոչ միայն հակասում  է մարդասիրական նորմերին, այլ նաև Իսլամի կանոններին, քանի  որ իրենց պետք է հուղարկավորեն նույն  օրը», — ասել է Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ստեղծված քաղաքական իրավիճակին՝  Բաբայանը նկատել է, որ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ  փորձեր են կատարվում  աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարների, մասնավորապես Ռուսաստանի կողմից։

«Մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներից ոմանք ներթափանցել են Չեչնիա,Վոլգոգրադ  և փորձել են պայթեցնել  Մեծ Հայրենականի սիմվոլներից մեկը՝ «Մայր Հայրենիք» արձանը։ Ինչպես վկայում են ռուսական պաշտոնական աղբյուրները, այդ ահաբեկիչները եկել են հենց Թուրքիայի կողմից Ադրբեջան։ Սա նշանակում է, որ այս  ամենը   տեղափոխվել  է դիվանագիտական ու քաղաքական այլ դաշտ։ Մենք պետք է սպասենք շատ ավելի կոշտ արձագանքների մեր եղբայրական Ռուսաստանից՝  այդ  հանցավոր եռյակի նկատմամբ՝ Թուրքիա- Ադրբեջան-ահաբեկիչներ»,-ասել է Բաբայանը։ 

Ստեփանակերտը, ըստ Բաբայանի, կանգուն է,  ինչպես հարիր է հերոսական քաղաքին ու ժողովրդին։

«Ստեփանակերտը շատ բան է տեսել իր կյանքում։ Տեսել է 3 պատերազմ, շրջափակում, բայց  հերոսի պես կանգուն է։ Հիմա մենք  երեք եղբայրներով նստած ենք պապական քարուքանդ եղած օջախում,  բայց որևէ մեկը չի էլ ընկճվում։ Այո, սրտներովս արյուն է գնում, բայց հոգիներս և հավատքներս  անսասան են։ Մենք  պետք է հաղթնենք, այլ տարբերակ չունենք»,-ասել է Բաբայանը։

Back to top button