ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը փորձում է հերքել անհերքելին. ահաբեկիչների հետ նրա համագործակցությունը նորություն չէ

Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել, թե՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայում չկա Թուրքիայի մասնակցություն, չկան  վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի։ Այս հարցին անդրադառնալով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը բերել է հակառակն ապացուցող փաստեր, նաեւ շեշտել, որ տեռորիստների հետ համագործակցությունը Ադրբեջանի համար նորություն չէ։ Նա այդպես վարվել է նաեւ 92-94 թվականներին։ 

Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության առջեւ հերքել անհերքելին։ Օրինակ, փորձում է համոզել, թե Թուրքիայի ներգրավվածություն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում չկա, վարձկան-ահաբեկիչներ չեն բերվում։ Սա այն դեպքում, երբ համանախագահ երկրները արդեն փաստացի հաստատումներ նույնպես ներկայացրել են։ Կան բազում տեսաձայնագրություններ։ ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ ահաբեկիչների հետ համագործակցությունը Ադրբեջանի համար նորություն չէ։ Կան վկայություններ նաեւ Արցախի առաջին պատերազմի տարիներից։ Վաղարշակ Հարությունյանը նաեւ փաստաթուղթ հրապարակեց։

«Այստեղ Ադրբեջանի այսօրվա ԳՇ-ի պետը՝ Նուրիդին Սադդիխովը, ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են ադրբեջանի զորամաս եւ մասանակցում մարտական գործողությունների։ Դրանից հետո, կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաների, որոնք տիրապետում են ֆարսի լեզուն։ Սա խոսում է այն մասին, որ այդ ճանապարհը՝ տեռորիստների հետ համագործակցության Ադրբեջանը բացել է դեռ 92 թ.-ին եւ այսօր էլ շարունակում է այդ գործողությունները՝ ներգրավելով տարածաշրջան, որը սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղին եւ Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանի պետություններին։ Դրա մասին նաեւ հայտարարել են Իրանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը»։  

Ադրբեջանը հերքում է նաեւ, թե չի թիրախավորել եկեղեցիներ ու քաղաքացիական օբյեկտներ, բայց անիմաստ է, քանի որ կան բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են միջազգային հանրությանը։

Ադրբեջանի հերքումներից մեկն էլ վերաբերում է թուրքական օդուժի, մասնավորապես՝ F-16 տիպի կործանիչների ներգրավվածությանը եւ մեր կողմից դրանցից մեկի ոչնչացմանը։ Մեր երկրի հաակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը հիշեցնում է՝ F-16-երը Ադրբեջան են բերվել զորավարժություններին մասնակցելու հիմնավորմամբ, սակայն զորավարժություններից հետո մնացել են այնտեղ ու մասնակցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիային՝ թիրախավորելով նաեւ Հայաստանի տարածքը։ Վերլուծելով 18-օրյա պատերազմական գործողությունները՝ ակնհայտ է դառնում, որ հենց Թուրքիան է կատարում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համակարգումը՝ շեշտեց Գարիկ Մովսեսյանը։  

Անօդաչուների մասին  էլ ասաց, որ հաստատված է՝ դրանք իսրայելական եւ թուրքական արտադրության են։ Ադրբեջանը որքան էլ փորձի չի կարող հերքել նաեւ, որ թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Արցախում եւ դրանց արդյունքում կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիների շրջանում։ Բոլոր դեպքերով հարուցված քրեական գործեր կան, որոնք ներկայացվելու են նաեւ գործընկեր երկրներին՝ առաջին հերթին Ռուսաստանին եւ Իրանին։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։ Ասաց, որ ահաբեկիչ վարձկանների հետ կապված նույնպես համագործակցում են Իրանի եւ ՌԴ-ի գործընկերների հետ՝ նրանց մուտքը տարածաշրջան կանխարգելելու քայլեր ձեռնարկելու համար։ Արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ  Հայաստանի տարածքում թիրախավորւմներ նույնպես արվել են։ Այս հարցին ի պատասխան վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը վկայակոչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը.

«Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ ՀԱՊԿ-ը։ Այն, ինչի մասին մենք ներկայացրեցինք, դրանք այն նյութերն են, որոնք հիմա նախապատրաստվում են»։  

Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից երբ որոշում ընդունվի՝ այդ մասին կհայտարարվի՝ եզրափակեց վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։

Back to top button