ԿարևորՔաղաքական

Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական «միֆեր»–ը․ պատերազմի բացահայտումները

Պատերազմի ոչ միայն բաղադրիչ, այլ կարելի է ասել շարժիչ ուժերից է տնտեսությունը, որի դիտարկումը կարող է շատ բան հուշել պատերազմող երկրների մասին։ ՀՀ վարչապետն իր երեկվա ուղերձում նշել է, որ հակառակորդը բացի բազմաթիվ մարդկային կորուստներից նաև կորցրել է 1 միլիարդ դոլարից ավելի զինտեխնիկա։ Նորերը գնելու համար անհրաժեշտ են նոր գումարներ, բայց համաշխարհային տնտեսության դիտարկումը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանն աշխարհի համար աստիճանաբար դառնում են անվստահելի գործընկերներ։ Մի շարք երկրներ և ընկերություններ արդեն հայտնել են Թուրքիան և Ադրբեջանը բոյկոտելու, նրանց ապրանքների նկատմամբ էմբարգո կիրառելու կամ այդ երկրներից իրենց մասնաճյուղերը տեղափոխելու մասին։ Տնտեսագետների կանխատեսումներով՝ պատերազմի արդյունքը հակառակորդ պետություններում ունենալու է սոցիալական ճգնաժամի արտացոլում։

Պատերազմական օրերին թուրքական լիրան սկսել էր գահավիժել, իսկ վերջին օրերին այն անկման նոր ռեկորդներ է սահմանում։  Բարվոք վիճակում չէ նաև ադրբեջանական մանաթը։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3%, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։

Մինչ զինվորականները ռազմի դաշտում են անում իրենց գործը, իսկ համախմբված հայությունը մարդասիրական և քաղաքական հարցերն է բարձրացնում աշխարհում, տնտեսագետներն ուշիուշով հետևում են հակառակորդ երկրներում տնտեսության վիճակին։ Կոնկրետ Ադրբեջանի դեպքում ասում են՝ գործ ունենք թերզարգացած տնտեսական կառուցվածքի հետ։ Ադրբեջանի տնտեսությունն իրենից ներկայացնում է միայն նավթի և գազի արդյունահանում և վաճառք: Դա կազմում է ՀՆԱ–ի ուղիղ կեսը։ Տնտեսության մյուս ճյուղերը պարզապես առնչվում են այդ ոլորտի հետ: Պատերազմական իրավիճակից ելնելով` ներդրումները նվազելու են։ Պատճառը տարածաշրջանի ռիսկայությունն է, ասում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը․

«Շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը կարող է իր ՀՆԱ–ի ուղիղ կեսը կորցնել, այսինքն՝ ունենալ 20–25 միլիարդ դոլարի միանգամից կորուստ տարեկան կտրվածքով։ Իսկ սա կոլապսի և ընդհանրապես մեծ հարց է հետագայում տնտեսական վերականգնման և երկրի գոյության իմաստով։ Իրականում այստեղ միանշանակ չի շահելու  Ադրբեջանի ժողովուրդը և տնտեսությունը։ Արդեն իսկ կրել են վնասներ։ Դա վկայում են նաև սոցիալական խորացող խնդիրները, նաև մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ բոլորը միասին ակնհայտորեն առաջացնելու է սոցիալական ընվզումներ և լարում, ինչը մենք տեսնում ենք»։

Սոցիալական ընդվզումների դեռ հերթը չի հասել, բայց լարում Ադրբեջանում արդեն կա։ Այդ պետությունում որքան էլ փակվել է համացանքը, բայց այնտեղից ամեն դեպքում սպրդում են բողոքի ցույցերի և դժգոհությունների մասին փոքրիկ տեսանյութերը։

Հոկտեմբերի սկզբից արդեն ահա այսպիսի բողոքի ալիքի պայմաններում են երիտասարդներին փողոցներից բռնում և ուղարկում առաջնագիծ։ Հոկտեմբերի 12–ին համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են Սումգայիթում այրել  Հեյդար Ալիևի նկարը, դեպի Բաքու տանող ճանապարհները նույնպես փակվել են։ Օրեր առաջ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն էին ցանկանում բողոքի ակցիայով շարժվել դեպի Բաքու։ Ճանապարհը փակվեց և արգելվեց։

ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը փաստում է՝ Ադրբեջանում համավարակի պատրվակով փակել են որոշ բնակավայրերի ելքերն ու մուտքերը։ Նոր որոշում է հրապարակվել Լենքորանի և Գուբայի շրջանների որոշ գյուղերի և Գուբա քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու մասին։ Լենքորանը, ի դեպ, Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից է։ Ադրբեջանագետ–պատգամավորը վստահ է՝ այդ ամենի իրական պատճառը պատերազմն է, որը բազմաթիվ խնդիրներ է բերելու Ալիևի համար։ Թալիշների ընդվզման մասին ավելի վաղ հայտնել էր նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պատերազմը քանդում է նաև Թուրքիայի «տնտեսական միֆ»–ը։ Ըստ վերլուծաբանների՝ թուրքական լիրայի գահավիժման պատճառներից մեկն արդեն ռազմական եւ քաղաքական էական աջակցություն է Ադրբեջանին ու այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններին: Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների ֆոնին ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Առաջիկայում այդ վերաբերումքը խորանալու է՝ կանխատեսում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Ակնհայտ է, որ Թուրքիան մեկուսանում է ոչ միայն քաղաքական և աշխարհաքաղաքական իմաստով, այլ նաև՝ համաշխարհային տնտեսությունում։ Սրա վառ օրինակը Թուրքիայի արտահանման կրճատումն է հիմնականում դեպի ԵՄ անդամ երկրներ և դա կայուն անդրադառնում է ազգային արժույթի թուլացման վրա։ Ի վերջո, տնտեսական շահերը իրենց տեղը զիջելու են և ակնհայտ է, արդեն խոսվում է, եթե դուք հետևեք, միջազգային «խաղացողները», ԵՄ անդամ երկրները, նաև միջազգային կազմակերպություններն արդեն խոսում են և չի բացառվում, որ շատ մոտ ապագայում լինելու են պատժամիջոցներ միանշանակ Թուրքիայի նկատմամբ առաջնային, բայց չի բացառվում, որ ավելի արագ լինեն այդ պատժամիջոցները։ Ի վերջո, Թուրքիայի տնտեսությունը նաև քաղաքական ռիսկերի մեջ է, որովհետև նրանք ունեն ներքին բազմաթիվ խնդիրներ` բացի արտաքինից»։

Միջազգային և եվրոպական պատժամիջոցներին չսպասելով` Սաուդյան Արաբիան արդեն իր կոշտ դիրքորոշումն է հայտնել Թուրքիայի հանդեպ։ «Ոչ մի ներդրում, ոչ մի ներկրում, ոչ մի զբոսաշրջություն»,- գրել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ, փոխանցում է Al Arabiya-ն: Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Թուրքական բիզնեսների բոյկոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիան, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը: Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան է։

Թուրքական ապրանքների բոյկոտի կոչը շարունակվում է նաև Հայաստանում։ Այս դեպքում ակնհայտ է, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև հայաստանյան տնտեսական կառուցվածքի համար։ Ի տարբերություն հարևան երկրների այս դեպքում առավելություն է աշխարհի հայության միախմբումը։ Այդ ներուժը արդյունք կտա ճիշտ աշխատանքի դեպքում, ասում են վերլուծաբանները։

Ցուցադրել ավելի
Back to top button