ԿարևորՄիջազգային

88-ի շեփորը հնչում է Փարիզում

Շեփորը, որը ոգեշնչում էր 88-ին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ, 2020թ հնչում է Փարիզի փողոցներում։ Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում՝ Ազգային ժողովի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: Սակայն այս անգամ ֆրանսահայերի բողոքը հստակ պահանջ ուներ՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

Արդեն կեսօրից հետո էլ տեղեկացանք, որ Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև՝ ստորագրված մի քանի պատգամավորների կողմից։ Այս մասին պատգամավորը գրել է իր թվիթերյան էջում:

«Որպես պատգամավոր շարունակում եմ նախաձեռնություններով հանդես գալ։ Վաղը մի քանի պատգամավորների ստորագրություն ունեցող բանաձև կներկայացնեմ խորհրդարան, որպեսզի քննարկվի և քվեարկվի Արցախի ճանաչման ու հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին  վերաբերող հարցը»,-գրել է նա:

Օվկիանոսից այն կողմ էլ հայերի բողոքը փակել էր մի քանի կենտրոնական փողոցներ։ ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում հայ համայնքի ներկայացուցիչները հայկական դրոշներով ավտոմեքենաներով կանգնեցրել են Բըրբենքի Վենտուրա մայրուղու և Տոլուկա լճի հարակից ճանապարհի երթևեկությունը։ Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

«Մեր ժողովուրդը Հայաստանում և Արցախում ենթարկվում է ռազմական հարձակման, և մենք պետք է նրանց ձայնը լսելի դարձնենք, որպեսի ամբողջ աշխարհը մեզ լսի և իմանա»,– ասում է ցույցի մասնակիցներից մեկը, ով իր մեքենայով փակել է մայրուղու մի մասը։

Լոս Անջելեսի Pan Pacific Park այգում տեղի ունեցած հանրահավաքին էլ մասնակցել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ Նա հանդես է եկել ելույթով՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: Այս պատերազմը մեկ օրում չի ծագել՝ ասել է կոնգրեսականը և նշել, որ  այն ոչ միայն Ադրբեջանի կոռուպցիոն ռեժիմի, այլ նաև Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է։

«Շատ երկար ժամանակ կեղծ հավասարության քաղաքականություն է բանեցվել, մինչդեռ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հարձակումներ է իրականացրել  Հայաստանի և Արցախի դեմ: Ամերիկան պետք է կանգնի Ստեփանակերտում գործող երիտասարդ ժողովրդավարության, և ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի կողքին»,-ասել է Ադամ Շիֆը:

Զինվորն առաջնագծում, իսկ աշխարհասփյուռ հայությունը թիկունքում շարունակում են իրենց պայքարը։ Ըստ Տեղեկատվական շտաբի ինֆոգրաֆիկ ամփոփման՝  աշխարհի շուրջ  3  տասնյակ երկրներում անցկացվել ու անցկացվում են հզոր ցույցեր։ ԱՄՆ–ից մինչև Ավստրալիա, Բրազիլիայից մինչև Վրաստան, ու  Մակեդինիայից՝ Չիլի հայի ձայնը նույն  անունն ունի․․․ Հաղթել ենք ու հաղթելու ենք։

Back to top button