ԿարևորՔաղաքական

Բաց խոսելու ժամանակը

Բաց և ուղիղ հանրության հետ այսօր խոսել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինը մեծ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և հետագա լուծումներին։   

 «Լավրովյան պլանը», որը վերջին շրջանում Ռուսաստանը փորձում էր առաջ քաշել որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակ, այսօր կրկին առաջ է քաշվում հենց Ռուսաստանի արտգործնախարարի կողմից։ Լավրովի ձևակերպմամբ՝ «տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ տեղում անվտանգության խնդիրների լուծմանը զուգահեռ»։

Հակամարտության քաղաքական կարգավորումը այս փուլում էլ հնարավոր է, համոզված է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին»,-ասում է։

«Լավրովի ներկայացմամբ՝ առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների փոխանցում ադրբեջանական կողմին՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար։ Երկրորդ փուլի համար թողնելով նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Առաջին փուլում, բացի 5 շրջանների վերադարձից, ենթադրում են, որ կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»։

Լավրովի ներկայացմամբ՝ այս առաջարկները բանակցությունների վերջին շրջանում քննարկվել և լրջորեն են ընկալվել կողմերի կողմից։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իհարկե հանդիպել են, բայց ոչ բուն բանակցային ձևաչափով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանն ուղղված այսօրվա ուղերձում,  ըստ էության բանակցային այս առաջարկին անդրադարձ կա։

 «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետևյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5–ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂ որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ընդ որում՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության դիմաց։ Հակառակ դեպքում` Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր»։

Տարիներ առաջ քննարկված այս առաջարկում, այսօր արդեն բացակայում են իրողությունները՝ Թուրքիայի ջանքերով տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչների ներկայությունը և բանակցային կողմ չհանդիսացող Թուրքիայի նոր ձգտումները։ ՌԴ արտգործնախարարն այսօր կրկին հաստատել է բանակցային ձևաչափի անփոփոխությունը։

«Լավրովը փաստում է, որ փորձ է արվում ընդլայնել միջնորդների շրջանակը, բայց հիշեցնում, որ Մոսկվայում՝ ուրբաթ գիշերն ընդունվել է փաստաթուղթ, որի վերջին կետը բանակցային ձևաչափի անփոփոխության մասին է։ «Սա նույնպես միջազգային իրավունքի մաս է՝ լինելով կողմերի համաձայնության արդյունք»,– նշում է ՌԴ արտգործնախարարը։  

Մոսկովյան հանդիպումներից և հայտարարություններից հետո, պատերազմի 18–րդ օրը ՀՀ վարչապետը ստիպված է արձանագրել․ «Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը»։

«Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի։ Բոլորդ պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով։ Պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ` ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և, մեր հաշվարկներով, ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը։  Այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է։ Եվ այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը։ Անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք–ադրբեջանա–ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ»։

Այդ գիտակցումով այսօր աշխարհասփյուռ հայությանը դիմեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ 1993–ին և 94–ին ավելի ծանր պայմաններ ենք ունեցել։  

«Հակառակորդը ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ՝ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո՝ հաջողության դեպքում` նաև Հայաստանը։ Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերը, որոնք շահագրգռված են։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Կոչ եմ անում ոչ միայն նյութական, շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը։ Մենք դրա կարիքը զգում ենք։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր։ Հավատում ենք, որ հաղթելու ենք»։  

Կողմ լինելով հումանիտար զինադադարին, բանակցություններին և խնդրի քաղաքական լուծումներին, հայկական կողմն ամեն դեպքում հստակեցնում է․թշնամուն պետք է պարտադրի խաղաղություն։   

Back to top button