ԿարևորՔաղաքական

Լավրովն ու Մնացականյանը համամիտ են․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն անփոփոխելի է

«Անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է», – Մոսկվա իր եռօրյա այցի մեկնարկին՝ լրագրողների կողմից  լուսաբանվող  հատվածում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք Մնացականյանի՝ մինչ պատերազմը ծրագրված այցի օրակարգն էականորեն փոփոխվել է, և հիմնականը դարձել է պատերազմական իրավիճակը Արցախում։ 

«Հիմնական ուշադրությունն, իհարկե կենտրոնացած է իրավիճակի վրա, որը դարձել է սպառնալիք մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ անձամբ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը կրակի դադարեցման  եռակողմ հայտարարությունը համաձայնեցնելու հարցում։  Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է։ Սակայն այսօր հնարավոր չէ ասել , որ այդ պայմանավորվածությունները լիովին կատարվում են։ Իմ՝ այստեղ ժամանելուց առաջ էլ տեղեկություններ են ստացվել,  որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները»,-նշել է Մնացականյանը։ 

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին բացման խոսքում շեշտել է․ հոկտեմբերի 10–ի մոսկովյան պայմանավորվածությունները հրադադարի մասին չեն կատարվում՝ առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտում դրանք։

 «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը ամբողջովին դեռ չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հոսով ենք, որ այն շփումները, որ ունենք մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում նաև պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն», — ասել է Լավրովը։

Լավրով–Մնացականյան՝ կեսօրից հետո մեկնարկած հանդիպումը տևել է գրեթե երեք ժամ։ Դրա ավարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ միայն կրակի դադարեցման դեպքում են հնարավոր արդյունավետ բանակցություններ, սակայն Երևանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցում էական առաջընթաց։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ հույս է հայտնել, որ  «հակամարտության բոլոր կողմերը կկատարեն հրադադարի մասին համաձայնագրի պահանջները»։

Լավրովն անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը` շեշտելով․ «Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը ձգձգել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագորեն և միաժամանակ»:

Երկու արտգործնախարարները պատասխանել են նաև լրագրողի հարցին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին․ «Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան նույնպես պետք է առավել ակտիվ դեր խաղա ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այնպես էլ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», — նկատել է լրագրողն ու հարցրել՝  արդյո՞ք Թուրքիայի ակտիվ դերակատարությունը կարող է օգտակար լինել այդ հարցում։

Հայաստանի արտգործնախարարն ի պատասխան շեշտել է․ Թուրքիայի ակտիվ դերակատարությունը հիմա  արտահայտվում է մեր տարածաշրջան գրոհային ահաբեկիչներ բերելով․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում իրականացվում է խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթաց։ Դա  մեզ մոտ երբևէ որևէ կասկած չի առաջացրել և առավել ևս՝ չի առաջացնում հիմա, և մենք կշարունակենք ակտիվ աշխատել հենց այդ ձևաչափով; Այն, ինչ անմիջականորեն տեղի է ունենում Լեռնային ղարաբաղում, այդ ընդգծված ագրեսիան և այն իրավիճակը որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, շատ լուրջ ազդեցություն է ունենում մեր աշխատանքի վրա, սակայն մեր աշխատանքը կշարունակվի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերակատարությանը, հիմա այն  արտահայտվում է մեր տարածաշրջանում  գրոհային ահաբեկիչների առկայությամբ և Ադրբեջանին ակտիվ ռազմական աջակցությամբ, որն իհարկե, չի կարող ողջունելի լինել»։

Թուրքիայի՝ կարգավորմանը մասնակցելու հարցը նաև Սերգեյ Լավրովին էր ուղղված․ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է․ ձևաչափի վերաբերյալ մոտեցումներն արտահայտված են հոկտեմբերի 10–ի համատեղ հայտարարության մեջ, և դրանով ամեն ինչ ասված է։

Մինչ Լավրովն ու Մնացականյանը Մոսկվայում հաստատում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը, Ադրբեջանի նախագահը թուրքական հեռուստաալիքի եթերից հայտարարում էր Անկարան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։

«Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահների թվում։  Եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է՝ Թուրքիան լուրջ ասելիք ունի և այն լիովին անկախ է»։

Միաժամանակ՝  Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում, թուրքական կողմի տեղեկատվության համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:

Զոհրաբ Մնացականյանն այսօր ղարաբաղյան խնդիրը քննարկում  է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հոկտեմբերի 8-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Մնացականյանը Մոսկվայում կլինի մինչև հոկտեմբերի14-ը։

Back to top button