Հռոմի պապն աղոթում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար


Հռոմի ֆրանցիսկոս պապն այսօր խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտության մասին և դատապարտել աղոթատեղիների կործանումը։ Ինչպես հայտնում է հայտնում է Vatican News-ը, կիրակնօրյա ավանդական պատարագից հետո, իր նստավայրի պատուհանից դիմելով Վատիկիանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:
«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը:
«Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ այն պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- ազդարարել է Ֆրանցիսկոս պապը:
«Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը: