ԿարևորՀասարակություն

Սփյուռքահայ կամավորները պատրաստվում են մեկնել Արցախ

Աչքերը փնտրում են թիրախ, թիրախը՝ խուսափում խոցվելուց։ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության տարածքը ռազմադաշտի է նման կամ նվազագույնը` զորավարժության հրապարակի։ Մի կողմում զորաշարժ է, մեկ այլ կողմում` առաջին օգնություն են ցուցաբերում, իսկ երրորդ խումբը զենք քանդել–հավաքելով է զբաղված։

Վաչիկը հայրենադարձ է, պատերազմից հինգ օր առաջ եկել է, պատերազմից երկու օր հետո կամավորագրվել։ Ասել են՝ դեռ սպասեք, պատրաստ սպասեք մեր զանգին։ Վաչիկն էլ սպասելու փոխարեն միացել է «ՈՄԱ» ակումբին՝ մարզվելու։

«Ոչ մեկի վրա մեր ազգը հույս չի կարա դնի, պատմությունը մեզի ցույց ա տվել, որ մենք հույս կարանք դնենք մենակ մեր վրա, մեր զենքի, մեր խելքի, մեր հավատքի վրա, ու այդպես էլ կա ու այդպես էլ լինելու ա։ Այսինքն, ամբողջը ինչ կա ֆիկցիա է, ուժեղ բանակ, ուժեղ հավատք։ Մեր ազգը շատ խելացի ա, մնում ա, որ պարապած լինեն, մենք միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմին»,–նշում է նա։

90-ականներին նախ իր ընտանիքը գնաց Սարատով, հետո ևս 15 ընտանիք տեղափոխվեց, հիմա էլ նույն սկզբունքով իր ընտանիքը վերադառնում է հայրենիք, որին հաջորդելու է այդ նույն 15 ընտանիքների վերադարձը։ Գիտակցում է, որ կռվից գուցե հետ չգա։

«Իմ պապիկը մի լավ բան էր ասում, պապիկս հայրիկիս հետ երբեք մի ավտոյի մեջ չէր նստում, ասում էր՝ չգիտես ինչ կլինի, տան մեջ մի տղամարդ պիտի մնա, դրա համար իմ սաղ հույսս, հավատքս իմ հայրիկի վրա է, որ եթե Աստված չանի մի բան իմ հետ լինի, իմ հայրիկը կա, կկարենա տեր կայնի մեր ընտանիքին»,–պատմում է Վաչիկը։  

Ընտանիքը գիտի, որ կամավորական աշխատանքներով է զբաղված, բայց կամավորագրվելու մասին դեռ չգիտեն։ Ընկերներն իրենց տան բանալիներն են ուղարկել, որ անհրաժեշտության դեպքում տրամադրի Արցախից տեղափոխված ընտանիքների։

«Մի հարց է ծագում, բա դու ինչ ես արել քո հայրենիքի համար, մենակ խոսելով չի, դրա համար ես մեր մեծ ընտանիքից առաջին մարդն եմ, ով տեղափոխվում ա հիմա Հայաստան ապրելու, զարգացնելու մեր երկիրը։ Ես կոնկրետ ունեմ նպատակ, ես չեմ եկել Հայաստան, որ, կներեք, կարող է մի քիչ կոպիտ լինի, ես չեմ եկել էստեղ նպաստ ստանալու, ես չեմ եկել մեր հայրենիքի, մեր պետության վզին կախվեմ, ասեմ, բա Հայաստան եկել եմ, դե բան տուր ինձի։ Ես արտադրող եմ, հինգ հատ արտադրամաս ունեմ, բերել եմ էստեղ։ Ես եկել եմ` հակառակը, օգնեմ իմ հայրենիքին»,–ընդգծում է նա։

Ռոմանը Կանադայի Տորոնտո քաղաքից է եկել։ Մասնագիտությամբ միջազգայնագետ է։ Ուսումը Հայաստանում է ստացել։

«Պատերազմը սկսել է հենց իմ ծննդյան օրը, հենց այդ օրն իմացել եմ, մի քանի օր անց տոմս եմ գնել և եկել։ Պատրաստ եմ մեկնել սահման` հանուն հայրենիքի։ Սա մեր հայրենիքն է, մենք ամեն գնով պիտի պաշտպանենք, և կոչ եմ անում բոլոր հայերին, որ վերադառնան Հայաստան գոնե պատրաստություն ստանան, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն սահման»,–մանրամասնում է Ռոմանը։

Հայաստան–Կանադա, Կանադա–Հայաստան ճանապարհը բազմիցս կրկնել է։ Հիմա մտադիր է տեղափոխվել հայրենիք։ Ընտանիքի կեսն այնտեղ է, կեսն այստեղ։

«Ճիշտն ասած շատ դժվար է ընտանիքի կողմից, բայց դե բոլոր երեխաները գնում են, ոնց կարելի է առանձնացնել քո երեխային ուրիշներից, այդքան երեխաներ են մահացել։ Սա պատերազմ է, մենք պետք է գանք, օգնենք ամեն ինչով, ինչով՝ կարանք։ Ես ուզում եմ միշտ պարաստ լինեմ, որ ցանկացած պահի, եթե կարիք լինի, ես մեկնեմ սահման»,–խոսքն ամփոփում է Ռոմանը։

Գուրգենը,որ տղաներից տարիքով մեծն է, դրան զուգահեռ էլ ավելի քչախոսարդեն 15 տարի ապրում է Ռուսատանում։ Լուսանկարվել չի սիրում, իր մասին էլ շատ բան պատմել չի ուզում, բայց մի երկու խոսք հասցնում ենք փոխանակել։

«Իմացա հենց առաջին օրը, որոշեցի գամ, որովհետև ես արդեն 10 տարի է հասկանում եմ, որ սա սկսվելու է ու ես տասը տարի է ասում եմ, որ սկսվեց գնալու եմ։ Ամսի երկուսին, նույն օրը տոմս չկար, 28–ին էլ արդեն տոմս չկար, հետո գործեր ունեի ավարտելու շատ կարևոր, 2–ին եկա։ Հաղթելու ենք, արդեն էն ինչ–որ պետք ա կա, հավատացեք»,–նշում է նա։

ՈՄԱ–ն գործում է 2014թ–ից։ Հիմնադիրներն արդեն ռազմաճակատում են։ Կազմակերպչական հարցերով աղջիկներն են զբաղվում։Անգինը սեպտեմբերի 26–ին ամուսնացավ, իսկ հաջորդ օրը ամուսնուն ճանապարհեց ռազմաճակատ։

«Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք էլ պետք է ուժեղ լինենք ու պինդ մնանք։ Ամուր եմ մնալու էնքան մինչև երկինքը խաղաղվի, մինչև պատերազմն ավարտվի և ավարտվի մեր հաղթանակով, ես այ այդքան ամուր եմ մնալու»,–վստահեցնում է Անգինը։

Ռազմական դրությունը դասընթացները դարձրեցին արագընթաց։ Երեք–չորս օրում կամ մի շաբաթում անցնում են անհրաժեշտը, հետո մեկնում սահման։ Արդեն երկու խումբ գնացել են։

«Մենք առաջին իսկ օրվանից ունեցանք հարյուրավոր կամավորներ, նրանց հետ աշխատեցին հրամանատարները, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ալպինիզմ, ինչպես նաև ներառվեցին հոգեբանական դասընթացներ, հատուկ հոգեբաններ են աշխատում։ Կարևորը այն է, որ նրանք գնում են գիտակցված ու որոշակի գիտելիքներով զինված, մենք անփորձ մարդկանց չենք ուղարկում»,–մանրամասնում է Անգինը։

Պատերազմը մոտեցրեց Տորոնտոն, Սարատովն ու Երևանը։ Միմյանց հետ կապ չունեցող մարդիկ հիմա նույն շարքում կանգնած են սովորում կռվել ու պաշտպանվել։ Պատերազմը միայն սև թղթի մասին չէ, պատերազմը նաև վերադարձի ու համախմբման պատմություն է։

Back to top button