ԿարևորՀասարակություն

Մշակութային դիմագիծ ունեցող ժողովրդին հաղթել անհնար է

Սյունիքի մշակութային գործիչները թեև մեծ ցավ են ապրում մարդկային կորուստների համար, սակայն ոգեղենությունը ներշնչում է էլ ավելի ամուր կանգնել հայրենի հողի վրա։ Նրանք համոզված են, որ այս պատերազմում մենք հաղթելու ենք, և այդ հաղթանակը լինելու է ոչ միայն բարոյական, այլև առարկայական։

 «Պարտություն չտեսած Սյունիքի դրոշը թող դրվի կրծքիս վրա»։

Սա մի դրվագ է ֆիլմից, դերասան Շանթ Հովհաննիսյանը մարմնավորում է զորավար Նժդեհին, իսկ այսօր հպարտությամբ խոսում է առաջնագծում կանգնած մարտնչող տղաների մասին, բոլորը մի բռունցք դառնալու մասին։

«Մեր մեծերի պատգամը, կարծես թե իրողություն է դառնում,  որ մեր հզորությունը մեր միասնականության մեջ է։ Եվ վստահ եմ, որ ամեն մեկս գիտակցում ենք մեր նվիրվածությունն ու զոհաբերությունն այս սուրբ գործին։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր հաղթնակը օր առաջ ամրագրվի։ Ես խնդրում եմ ուղղակի չտրվել այն սադրանքներին, որով թշնամին փորձում է շեղել մեզ մեր նպատակից։ Ես վստահ եմ, որ մենք ամուր ենք, ինչպես չի եղել երբևիցե։ Պետք լինի սահման գնալով, պետք լինի թիկունքում ավելի ամուր լինելով՝ նպաստելու ենք մեր հաղթանակին։ Վստահ եղեք, հարգելինե՛րս, հաղթելու ենք»։

«Հաղթանակն է։ Կոտրված խաչն է՝ ամբողջությամբ շաղախված արյամբ, արյունը՝ սատանայի տեսքով, իսկ վերևից օգնություն է գալիս, Աստծո օգնությունը։ Այստեղ հրեշտակներն են, այստեղ նույնպես արևն է բացվում։ Եվ ամենակարևորը՝ մեր հաղթական զինվորն է, որ իր ձիու վրա նստած դեպի լույսն է մեկնում»։

Գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը՝ Ուբակը, իր գործերում ոչ միայն մեր հաղթանակն է կանխատեսել, այլև կարծես վաղուց համոզված էր թշնամու նենգության մեջ, և վերջին կտավներից մեկը նվիրել է Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերմանն ու վերականգնմանը։

«Նկարեցի «Վերածնունդ նկարը, որտեղ պատկերված է մեր մատուռը, իհարկե, քանդված վիճակում, այսօրվա պատկերն է, և Քրիստոսի հայտնությունը այդ մատուռի մեջ։ Այստեղ կան մեր նահատակները, զինվորն է, որ հանուն հայրենիքի իր կյանքն է զոհաբերում և իհարկե կենաց ծառն է, որ ծաղկում է և արևի հետ միասին ամբողջությամբ լույս է սփռում։ Մենք հաղթելու ենք։ Անհնարին է պարտության մատնել մի ազգի, որ Նոյի որդիներն են։ Անհնարին է»։

Դաշնակահարուհի Աստղիկ Գրիգորյանը ռազմի դաշտում տիրող մեր տղաների ոգեղենությունն արտահայտում է նույն ոգեղենության երաժշտությամբ։

 «Եթե պետք է ինձ ասեն դու հիմա հարկավոր ես դիրքերում, որպես երգող, ես կգնամ որպես երգող։ Եթե հարկավոր լինի որպես հրացանակիր, գնալու եմ որպես հրացանակիր։ Յուրաքանչյուր ականի պայթյուն, յուրաքանչյուր զինվորի թեկուզ ականջները փակել՝ աղմուկից պաշտպանվել, այդ ամեն ինչը կարծես մենք մեր ներսում զգում ենք։ Մեր մեջ կա բարություն, դաժանություն, հաղթելու ցանկություն»։

 «Այս պահին էլ ռազմաճակատում մեր տղաները համառորեն պայքարում են, նրանց ուժը չի սպառվում, ֆանտաստիկ է»,-ասում է Կապանի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանը։

«Միթե մենք այսքան ուժեղ ենք, ես գիտեի որ ուժեղ ենք, բայց որ այսքան, ոչ մեկը չգիտեր։ Մենք փաստորեն միայնակ, մենք մեր հույսով։ Ինձ ամենից շատը դա է ուժ տալիս․ ունենք մեզ, դա մեզ հերիք է։ Կռվող տղերքը․․․ես շնորհակալ եմ իրենց, այն հնարավորության համար, որ ես, իմ օրոք, իմ երեխաները, մենք վերջապես կտեսնենք այդ հաղթանակը, ոչ թե կկարդանք գրքերում։ Մենք պիտի հաղթենք, վերջապես եկել է այն ժամանակը, որ մեր հաղթանակը պիտի լինի ոչ բարոյական, պիտի լինի նյութական ու բարոյական»։

Մշակութային դիմագիծ ունեցող ժողովրդին հաղթել անհնար է։ Սա մեր կռիվն է, և մենք հաղթելու ենք։

Back to top button