ԿարևորՏնտեսական

Արցախյան պատերազմը՝ «սպառնալիք» Թուրքիայի տնտեսության համար

Չնայած Ադրբեջանի սանձազերծած  պատերազմին, ընթացող ռազմական գործողություններին՝   Հայաստանում  ֆինանսական համակարգը  կայուն է։ Ապացույցը նաև դրամի կայուն կուրսն է։  «Տատանումներն աննշան են այն սթրեսի համեմատությամբ, որն այժմ ապրում են  տնտեսությունն ու պետականությունն ընդհանրապես»,-ասում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

«Այո, ֆինանսական համակարգը կայուն է։ 1994թ․ կեսերից մինչև այսօր  դրամն արժեզրկվել է մոտավորապես 20 տոկոսով։  Այդ ժամանակ դոլարն արժեր 405–410 դրամ։ Ընթացքում, իհարկե, փոփոխություններ եղել են, սակայն կուտակվածը 20 տոկոս է։ Սա մեր տնտեսության  կայունության մասին է խոսում»։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի  փորձագետ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ անգամ պատերազմի ժամանակ մեր երկրից կապիտալի արտահոսք չկա, ֆինանսական անկայունություն՝ նույնպես։  Սա ունի իր բացատրությունը՝ Հայաստանում  ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ներդրողների  շրջանում  պատերազմի վտանգը միշտ է գիտակցվել

«Դա այժմ այնպիսի անակնկալ չէ, որ ցնցում առաջացնի տնտեսությունում»։   

Մինչ Հայաստանի ֆինանսական շուկան գործում է իր  բնականոն ընթացքով, արդեն 13 օր պատերազմ սկսած Ադրբեջանի աջակից Թուրքիայի տնտեսությունում ֆինանսական անկայունության  ապացույցներն օրեցօր ավելանում են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ցանկությունները  չեն կատարվում․  չնայած  համառ  ջանքերին թուրքական լիրան ոչ թե արժեզրկվում է, այլ՝ պարզապես գահավիժում։  Ընդ որում՝  վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ  ավելի արագ։   Bloomberg-ի վերլուծաբանների համոզմամբ՝ Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններում: Միջազգային բորսաներում և ֆինանսական շուկայում վերլուծական-փորձագիտական ծառայություններ մատուցող և համաշխարհային  տնտեսական զարգացումներն ուշադրության կենտրոնում պահող Bloomberg-ը նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ընդգծում է՝ «Միջազգային լրատվամիջոցները մեջբերում են Էրդողանի միջամտությունը՝ որպես  բացասական գործոն թուրքական տնտեսության համար։ Բայց ամենամեծ գործոնը կլինի այն, որ Սաուդյան Արաբիան է Թուրքիայի դեմ շատ կոշտ միջոցներ  կիրառում, ամբողջությամբ բացառել է Թուրքիայի  հետ արտաքին առևտուրը։ Կա նաև վտանգ, որ ԵՄ–ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ։ Ես կարծում եմ, որ  արցախյան պատերազմի գործոնն ազդում է, քանի որ  ոչ մեկին դուր չի եկել, թե ինչ է անում Թուրքիան։ Թուրքական տնտեսությունն անկայուն վիճակում է 2018 թվականից»։

Անգամ թուրք փորձագետներն են մատնանշում, որ լիրայի գահավիժման հիմքում նաև ղարաբաղյան  պատերազմին աջակցելն է։ «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն արձանագրում է․

«Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունն աշխարհում իր համար անընդհատ բացասական ազդեցություններ է ստեղծում այդ երկրի համար։ Արագացող ցիկլ են ստեղծում, որը անընդհատ ներքև է քաշում։ Այս պարագայում նաև միջազգային փորձագետները դրական կանխատեսում չեն անում այդ երկրի համար»։

Ստեղծված իրավիճակը  բացասական լուրջ հետևանքներ կունենա  Ադրբեջանի դաշնակից  Թուրքիայի համար՝ ասում է Միքայելյանն ու հիշեցնում՝ Թուրքիան բազմաթիվ պարտքեր ունի, այդ թվում ՝  նաև բիզնեսին։ Արժեզրկմանը զուգահեռ պարտքերն ավելանում են․

«Քանի որ հիմա թուրքական տնտեսությունը լիրայով է հաշվարկվում, իսկ պարտքը՝ դոլարով, այդ ճնշումը  թուրքական տնտեսության վրա կաճի։ Կնվազեն  նաև  ներդրումները․  որքան լիրան արժեզրկվի, այնքան  թուրքերը դոլար կգնեն։ Եվ սա ևս կբերի անկման։ Իմ կարծիքով՝ թուրքական տնտեսությունը հիմա բացասական ցիկլի մեջ է»։

Ադրբեջանի արժույթը ֆիքսված է, սակայն չնայած այդ երկրի համառ ջանքերին, ժամանակ առ ժամանակ  հնարավոր չի  լինում  խուսափել մանաթի   արժեզրկումից։  Այստեղ պարբերաբար նաև բանկերի սնանկացման դեպքեր են  արձանագրվում։  Փորձագետները չեն բացառում, որ այժմ  նորից  այդ երկիրը  նման իրավիճակում կհայտնվի։

Ցուցադրել ավելի
Back to top button