ԿարևորՀասարակությունՄշակույթ

Հաղթանակի մասին գրքեր են գրվելու․ այսօր գրադարանավարի օրն է

Պատերազմի 11-րդ օրը համընկավ գրադարանավարի օրվա հետ։ Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի մանկական բաժնի գրադարանավար Օֆելի Դալաքյանը մոռացել է մասնագիտական տոնի մասին,  Օֆելիի եղբայրը 10 օր առաջ ՝ պատերազմը սկսվելու առաջին իսկ օրը մեկնել է առաջնագիծ.

«Մենք հույս ունենք, որ մեր տոնին զինվորները հաղթանակ կնվիրեն մեզ, եթե ես չուզենամ, որ եղբայրս գնա, մյուսը չուզենա, ի վերջո մենք չենք ունենա այն, ինչ այսօր ունենք»։

26-ամյա գրադարանավար Օֆելին նաև գրում է։ Գրադարանի այցելուներն ու աշխատողները ամեն պահի կարող են դառնալ պատմվածքի հերոս։ Նախքան պատերազմը սկսվելը գրադարանը մարդաշատ էր, Օֆելին հիշում է ընթերցողների հետ կապված հետաքրքրիր դեպքեր, գրադարանի այցելուներից շատերը գալիս են, ասում որևէ ցիտատ, խառնում հեղինակին և գրքի վերնագիրը, սակայն գրադարանավարի համար դա հեշտ լուծելի գլուխկոտրուկ է, արագ կողմնորոշվում է և հանձնում գիրքն իր ընթերցողին․

«Վերջերս մի կին էր եկել և ասում էր՝ արդյո՞ք Վարդգես Պետրոսյանի «Առաջին ուսուցիչը» գիրքն ունենք, թե ոչ, ասացի՝ գուցե «Վերջին ուսուցիչը»։

Ավետիք Իսահակյանի Կենտրոնական գրադարանի գրադարանավար, «Մեսրոպ Մաշտոց» խոսքի, մշակույթի կենտրոնի ղեկավար Նայդա Անտոնյան-Մարտիրոսյանը ամեն վարկյան պատրաստ է մեկնել առաջնագիծ։ Հաղթանակի հարցում կասկած չունի, թիկունքում հզոր մշակույթն է, առաջնագծում ՝ այդ մշակույթի կրողները։

«Տղաս կամավորագրվել է և մեկնել առաջնագիծ, ինձ ասաց, որ ես ամբողջ կյանքում հայրենասիրություն եմ դասավանդել և իր տղան չի կարող չմեկնել մարտի, այն պահին, երբ թուրքը հասնում է մեր օջախներին»։

Տիկին Նադյան վստահ է, որ հայերն աշխարհի ամենաքաղաքակիթ ազգերից մեկն են, որովհետև թիկունքում մշակույթ կա, գիրքը, գրադարանը, ընթերցողը։

«Քաղաքակրթությունը մեր տոհմիկ վարքագիծն է, մեր ամեն բջջի մեջ է, Արցախի նախագահը զգուշացնում է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որպեսզի լքեն իրենց բնակավայրը, սա նման է մեր էպոսին, որտեղ Դավիթն ասում ՝ հետո չասեք Դավիթն եկավ գող-գող գնաց»։

Շուրջ 40 տարի Լենա Սահակյանն աշխատում է որպես գրադարանավար, խոսում  է ցածր, հանգիստ տոնով, ինչպես բնորոշ է գրադարանում աշխատող մարդկանց, ում համար ընթերցողի և գրքի միջև եղած լռությունը աշխարհի լավագույն մեղեդին է․

 «Երազել եմ դիրիժոր դառնալ, երաժիշտ, անգամ տիեզերագնաց, բայց Աստված կամեցավ, որպեսզի ես լինեմ գրադարանավար»։

Որպես գրադարանավար իր առաջին այցելուին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի գրադարանավար Լենա Սահակյանն այս պահին չի կարողանում մտաբերել, բայց տարիների ընթացքում մի ոսկե կանոն է սահմանել ինքն իր համար՝ կարևոր է, թե մարդն առաջին անգամ ի՞նչ գիրք կկարդա, որովհետև դրանից հետո մարդու կյանքում սկսվելու են արմատական փոփոխություններ լինել, ուրեմն գրադարանավարի գործն ամենապատասխանատուն է՝ խորհուրդ տալ մարդուն՝ ի՞նչ կարդալ․

  «Մեր հերոս տղաների մասին անպայման պիտի գրքեր գրվեն, ոչ մի դրվագ չի կարելի բաց թողնել»։

Գրադարանավարի տոնի առթիվ միակ նվերը, որ կուզենային ստանալ՝ տղաների հաղթական վերադարձն է․

«Ես իմ մայրական օրհնանք եմ ուղում ռազմաճակատ, հաղթելու՛ ենք» Նադյա Անտոնյան-Մարտիրոսյան

Գրադարանավարի օրն այս տարի նշվում է պատերազմակական պայմաններում։ Այսօր առաջնագծում գտնվող հերոսների սխրանքների մասին շատ ու շատ գրքեր են դեռ գրվելու։ Այդ գրքերը գրադարանի առաջին դարակում են դրվելու, գրադարանավարները ժպիտով դիմավորելու են ընթերցողներին և հանձնելու են գրքերը, որպես հայոց հաղթական պատմության վկայություն։

Back to top button