ԿարևորՀասարակություն

Արցախցիները կան ու պիտի շատանան․ Հայաստանում ծնվում են արցախցի փոքրիկներ

Հայաստանում շարունակում են ընդունել  ծննդկան մայրերի ու Հայաստանին  և Արցախին  ավետել  արցախցի երեխաների  լույս աշխարհ գալու լուրերով։ Շենգավիթ բժշկական կենտրոնում պատերազմի սկզբից մինչ օրս  ծննդաբերել է  7 կին։ Ծնվել է  5 տղա և 2 աղջիկ։

Այսօր ևս հայրենիքի ապագա մեկ պաշտպան է  ծնվել նույն կենտրոնում։ Մայրը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, երեխայի վիճակը՝ բավարար, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց բժիշկ  Արթուր Ջանազյանը։    

«Ծնվել է տղա երեխա, 3.200 կգ քաշով, 50 սմ հասակով։ Վիճակը բավարար է։ շուտով մամայի հետ արդեն կլլինի համատեղ կացության պայմաններում։ Առողջ նորածին է, կերակրվելու է կրծքով,  պատվաստումների ազգային օրացույցով կստանան պատվաստումները»։  

Արցախցի Բաղդասարյանների ընտանիքի երրորդ աղջիկն էլ՝ Լիան,  լույս աշխարհ է եկել  ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5–ին։  Երրորդ երեխայի ծննդյան ավետիսն  առաջնագծում կռվող հորը հայտնել են դուստրերը։

«Ինձ հետ երեկոյան է կապվել, բայց չէր կարողանում խոսել, չգիտեմ ինչ վիճակ էր այնտեղ։ Բայց երեխաներն ասացին, որ հայրիկը շատ է լացել` ուրախությունից երևի»։  

15 տարվա ընդմիջումից հետո երրորդ երեխային Բաղդասարյանները շատ են սպասել, բայց ասյօր այդ բերկրանքը  վայելել լիարժեք չի ստացվում՝ առաջնագծում տղաներ են զոհվում, ասում է Արևիկը։   Հակառակորդի ոտնձգություններին ծանոթ էր, Արցախը լքել էլ չէր ուզում, սակայն աղջիկների դիմադրությանը չի կարողացել հակառակվել։

«Երեխաներին համոզում էի, որ ես չգամ Հայաստան։ Ես ուզում էի մնալ այնտեղ։ Բայց երեխաները չթողեցին։ Ես էս ամեն ինչին ծանոթ եմ։ Արցախյան գոյամարտում եղբայրս է զոհվել, երբ ես 8–րդ դասարանում էի սովորում։ Ես էս ամեն ինչին սովոր եմ, բայց չէի ուզի, որ իմ երեխաներն էլ այս ամենի միջով անցնեն»։

Ամուսնուց պատերազմի հաղթական ավարտի մասին  լուրեր ստանում է երկու–երեք օրը մեկ, իր համար էլ Ստեփանակերտ վերադառնալու պահը հեռավոր ապագայում չի տեսնում։ Միակ  երազանքն այս պահին սահմանի մասին  բարի լուրերով արթնանալն է։

«Ընդհանրապես, հայը հաղթող ազգ է։ Մենք երբեք չենք հուսահատվում, մանավանդ արցախցին։ Ես հուսով եմ, որ անպայման հաղթելու ենք։ Միայն սահմանից վատ լուր չստանանք, անմեղ զոհեր չունենանք։ Փոքրիկ Լիաս, անպայման  խաղաղություն կբերի  ամբողջ հայությանը, Արցախ աշխարհին»։   

Վաղը Լիայի լույս աշխարհ գալն արդեն  կվայելեն ընտանիքի մյուս անդամները։  

Back to top button