ԿարևորՀասարակություն

Վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ. Տիգրան Ավինյան

Վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։

Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար:

Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման:

Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։ Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝

  • Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը,
  • Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն,
  • Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ ամեն ինչով,

ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։

Հետևաբար՝ խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:

  • Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
  • Կանխե՛նք հիվանդության տարածումը,
  • Ամուր պահե՛նք մեր թիկունքը,

Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- գրել է նա:

Back to top button