ԿարևորՄիջազգային

Աշխարհում հայերը խախտում են աշխարհի «լռությունը»

Այսօր առավոտից Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի մոտ Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի քննարկմանը զուգահեռ հարյուրավոր հայեր են հավաքվել` իրենց ձայնը բարձրացնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ, որն արդեն 11-րդ օրն է շարունակվում:

Ցույցին մասնակցում են նաև եվրոպական հարևան երկրներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները։ Ակցիայի մասնակիցները Եվրոպական կառույցներին մեղադրել են ծավալված իրադարձություններին և ռազմական գործողությունների չարձագանքելու մեջ։

«Մենք մեղադրում ենք Եվրոպային՝ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար։ Եվրոպան մնում է կույր ու համր, մենք նրան մեղադրում ենք։ Խաղաղ բնակչությունը ռմբակոծվում է, Եվրոպան մնում է համր։ Թշնամին ռմբակոծում է հայկական քաղաքները, Եվրոպան դարձյալ լուռ ու համր է։ Եվրոպական խորհրդարանը չի անում այն, ինչ պետք է ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ»,-հայտարարում են ցույցի մասնակիցները։

Արդեն մի քանի օր է աշխարհի տարբեր քաղաքներում հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով աշխարհին ուշադիր լինել, կանգնեցնել Թուրքիայի կամ Ադրբեջանի ագրեսիան ու ահաբեկչական գործողությունները։ Այս օրերին հայերն ամբողջ աշխարհում վանկարկում են «ARTCAKH IS ARMENIA»` «Արցախը Հայաստան է»։

Նախօրեին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` Queen-ը փակ էր։ Հայերը հավաքվել էին կանադական հայտնի CTV հեռուստաընկերության մոտ՝ վանկարկելով «Artcakh is Armenia, Stop war»` «Արցախը Հայաստանի է, կանգնեցնել պատերազմը»։

Տորոնտահայերը Արցախի ու Հայաստանի դրոշներով քայլերթ էին իրականացնում և կոչ անում գործել ու վերջ տալ Թուրքիայի ահաբեկչական գործողություններին և փրկել կյանքեր։

Հյուսիսային Ամերիկայում ապրող հայ և հայկական ծագում ունեցող դերասաններն ու կինոռեպիսորներն էլ  տեսաուղերձով դիմել են աշխարհին․․․ «Արցախն ու Հայաստանը հարվածի տակ են․․․ մենք բոլորս մեր Արցախցի քույրերի ու եղբայրների կողքին ենք․․․․ պահպանեք խաղաղություն սահմաններին․․․․ դուք  մենակ չեք․․․․ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, սա գլոբալ մարդու իրավունքների խնդիր է»։

Իսկ Լյուքսեմբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու նրանց ընկերներն ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիա են իրականացրել՝ պնդելով՝ «Վերջում մենք կհիշենք ոչ թե «արտահայտած անհանգստությունները» այլ արարքները»։

Միլանի փողոցները ևս նախօրեին ներկված էին եռագույնով։ Բողոքի բազմամարդ ակցիան մեկնարկել է ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ, ինչից հետո բազմամարդ ակցիայի մասնակիցները վանկարկել են «Արցախ»։ Ցուցապաստառներով ու բացականչություններով Իտալիայում ապրող հայերը նշում էին, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում ու պահանջ` կանգնեցնել Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները։

«Հայաստանը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ՝ դադարեցրեք ահաբեկչությունը։ Ադրբեջանը հարձակման թիրախ է դարձնում անգամ միջազգային լրագրողներին»,-հայտարարել են հավաքի մասնակիցները։

«Ագրեսորին` ագրեսոր կոչել» նախօրեին ավստրալահայերի բողոքի ակցիան մայրաքաղաք Կանբերայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց էր։ Ավստրալիայում ապրող հայերը կառավարությունից պահանջում էին բարձրաձայնել եւ դատապարտել Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

Back to top button