ԿարևորՀասարակություն

COVID-19. պատերազմական պայմաններում առողջապահական համակարգը ծանրաբեռնելը հանցագործություն է

Առողջապահության նախարարությունից  տեղեկացնում են, որ  համավարակի թվերը Հայաստանում աճում են և պատերազմական լարված իրավիճակում առավել  կարևոր է չկորցնել զգոնությունը։  Նախարարության կոչն է, անգամ այս լարված պայմաններում  պահպանել հակահամաճարակային կանոնները։

Պատերազմների պատմության մեջ համաճարակները շատ վատ ու շատ մեծ տեղ են զբաղեցնում։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ներկայացնելով վիճակն ասաց, որ նույնիսկ շատ հաճախ պատերազմներում  կորուստները լինում են   ավելի շատ  հիվանդություններից, համաճարակներից, քան բուն մարտական գործողություններից։   Ռազմական փորձագետի խորհուրդն է` պատերազմի էմոցիոնալ  ֆոնին չմոռանալ հակահամաճարակային կանոնների պահպանումը։

«Այս պայմաններում եթե ահագնանա վարակների  թիվը, ապա  երկու շաբաթից առավելագույնը  շատ ուժեղ դա զգացվել է տալու առողջապահական համակարգի վրա։ Հարց է դրվելու փրկել կորոնավիրուսով վարակակրի՞ն, թե՞  օրինակ վիրավոր զինվորին»։  

Այս պայմաններում առողջապահական համակարգը ծանրաբեռնել լրացուցիչ հիվանդներով, հանցագործություն է, իր հերթին  ասաց համաճարակաբան Արման Բադալյանը։  Ազգաբնակչության շրջանում հակահամաճարակային կանոնների պահպանումը նույնն է՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորությունը, ախտահանել ձեռքերը։  

 «Էլ ավելի պետք է կարևորվեն կանոնների պահպանումը, որպեսզի մենք  նպաստենք  այդ թվերի  քչացմանը կամ գոնե չշատացմանը։ Հակառակ դեպքում տեսնում ենք, որ համակարգը ծանրաբեռնվում է» ։  

Ազգաբնակչության շրջանում կանոնների պահպանումը այսօր ավելի կարևոր է, քանի որ շատ ու շատ կամավորներ են մեկնում առաջնագիծ։ Առաջնագծի զինվորների շրջանում  հակահամաճարակային կանոնների պահպանումը  մի փոքր բարդ է եւ դրա վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը, ասում է Արման Բադալյանը։  Իսկ մենք պետք է հնարավորինս անել հիվանդության տարածումը կանխելու համար, ինչն ամուր կպահի թիկունքը, ասաց զրուցակիցս։  

Back to top button