ԿարևորՀասարակություն

Բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագաներով․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում  վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, վիրավորների ճնշող մեծամասնությունը` գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերի պատերազմ է։

Արցախի ՄԻՊ գրասենյակից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 27–ից սկսած ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել 80 քաղաքացիական անձ։ Այս օրերին հայ գործընկերների  կողքին են նաև ֆրանսահայ բժիշկները։

«Արցախի հանրապետության թե քաղաքացիական, թե ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով ու  բժշկական  սարքավորումներով»,- ակտիվ ռազմական գործողությունների տասներորդ օրը Գորիսի միասնական շտաբից հայտարարեց առողջապահության  նախարար  Արսեն Թորոսյանը։ Վստահեցրեց՝ արյան  պաշարները նույնպես բավարար են։  Զինվորների, վիրավորների ու զոհերի մասին թվային տվյալներ պաշտպանության նախարարությունը պատշաճ ներկայացնում է` ասաց Թորոսյանն ու   նշեց՝   վիրավորների մեծ մասը թեթև ու միջին ծանրության են, ծանր ու ծայրահեղ վիրավորներ նունպես կան, որոնք փոքր տոկոս են կազմում վիրավորների ընդհանուր թվի մեջ նշեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հրաժարվեց վիրավոր զինծառայողների թիվը հայտնել. բոլոր տեղեկությունները հայտնում է պաշտպանության նախարարությունը`շեշտեց։

«Վիրավորների ճնշող մեծամասնությունը` գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ  բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ, դժբախտաբար, նաև մահը»։   

Նախարարը հայտարարեց՝ թեժ գծի միջոցով հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ վիրավորների մասին։

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի ու Հայաստանի  բժշկական համայնքը երբեմն  փաստացի զրկված է լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելուց, քանի որ Ստեփանակերտում և Արցախի մյուս  քաղաքներում օդային տագնապ է հայտարարված»,-Ստեփանակերտից վերադառնալուց  հետո տեղեկացրեց  առողջապահության նախարարը։ Որպես ականատես պատմեց՝ հրթիռային հարվածը կարող էր նաև Ստեփանակերտի  հիվանդանոցը վնասել։

«Կան բժիշկներ, որոնք հենց իրենք են խնդրում մեզ, որպեսզի գնան և օգնեն Արցախի իրենց գործընկերներին: Երբեմն մենք մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի»:

Օրերս առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ֆրանսիայից  կամավոր բուժաշխատողներ  են ժամանել ու այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ  ԲԿ-ներից մեկում:

«Ասում են, որ հենց իմացան Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»:

Ֆրանսահայ  բժիշկ Գևորգ Աբգարյանը նույնպես Երևանում է՝ Էրեբունի Բ/Կ-ում։ Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ– ռեանիմատոլոգ է, առաջիններից էր, որ 1992–94 թթ պատերազմական գործողությունների ժամանակ Արցախ մեկնեց։ Ասում է՝ ծանր վիրավորները շատ են, բայց և հույս ունի, որ արագ կապաքինվեն․ «Հույս ունիմ, որ մեր զինվորները կամաց–կամաց դուրս կուգան, ամեն օր կուգամ ու կնայիմ հիվանդներուն»։

Սեպտեմբերի 27–ից սկսած` ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել 80 քաղաքացիական անձ. Այս թվերն էլ հրապարակել է Արցախի ՄԻՊ  գրասենյակը։ Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ` 48-ը արական, 12-ը` իգական սեռի քաղաքացիներ` նշված է հաղորդագրության մեջ:

Back to top button